Լրահոս
Օրվա լրահոսը

Ջհանգիրյանը բողոքում է՝ «պատգամավորների պահպանման» վրա կլորիկ գումար է ծախսվել

Սեպտեմբեր 25,2012 12:16

Այս պահին ԱԺ-ում պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվում է 2011-ի պետբյուջեի կատարման հաշվետվության քննարկումը:

Ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց, թե որ ծրագրերի վրա որքան գումար է հատկացվել: Պարզվում է՝ պետբյուջեից գումար է ծախսվել նաեւ պատգամավորների «պահպանման» համար: ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանին դուր չեկավ հաշվետվության այդ հատվածը: Նրա խոսքերով՝ «Պարոն Ջանջուղազյան, դուք ասացիք Սահմանադրական դատարանի աշխատակազմի պահպանում, Քրեակատարողականի պահպանում: ԱԺ-ի ձեւաչափի մեջ ասացիք պատգամավորների պահպանում, ո՞նց եք պահպանում: Թե չէ պատգամավորների պահպանումը լավ ֆունկցիա է»: Ատոմ Ջանջուղազյանը բացատրեց, որ նման ծրագիր է իրականացվել՝ «ԱԺ աշխատակազմի եւ ծրագրերի պահպանում», այդպես է գրված, ծրագիրն այդպես է կոչվում»: Ջհանգիրյանը նկատեց՝ «Ինձ չեք կարող պահպանել, էլի, սխալ ձեւակերպում է, փոխեք»:

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի հաշվետվությունից հետո «Ժառագության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հարցրեց, թե ինչո՞ւ այսօրվա նախագահի կայքէջում նախկին նախագահի պաշտոնավարման ժամանակահատվածում ինչ հրամանագրեր որ եղել են՝ ջնջված են: Ըստ նրա, նմանապես կայքում չկան տեղեկություններ այն դրամաշնորհներից, որոնք տրամադրվում են հ/կ-ներին. «Ինչո՞ւ այդ տեղեկատվությունը չի ներառված նախագահի կայքէջում, արդյոք միջոցներ կձեռնարկե՞ք, որ այդ տեղեկատվությունը մատչելի լինի: Խոսքը նախորդ նախագահի ուղերձների, հրամանագրերի մասին է, ոչ թե իրավական ակտերի»: Վիգեն Սարգսյանը պատասխանեց, որ պետք է խորհրդակցել մասնագետների հետ. «Իրականում սերվերի ծանրաբեռնվածության խնդիրներ են: Բոլոր դեպքերում դրանք հրապարակված տեղեկություններ են հանրային դաշտում, որոնց որոնումը պրոբլեմ չի մեր օրերում: Եթե դա տեխնիկապես հնարավոր է, ես կխորհրդակցեմ, որեւէ բարդություն իրենից դա չի ներկայացնում»:

Գագիկ Ջհանգիրյանը դժգոհեց՝ «Ասում եք, թե ոնց եք փողերը ծախսել: Բայց ի՞նչ արդյունավետությամբ են այդ փողերը ծախսել: Վերահսկիչ պալատի բացահայտումները ցույց են տալիս, որ հա, լավ ծախսում են, բայց այդ ծախսումների տակ լուրջ բան է թաքնված: Թվերը այստեղ լսում ենք, ու ավարտում: Մենք չունե՞նք աուդիտ, որ ասի՝ ասենք, պաշտպանության այսինչ ծախսերից այսքանը արդյունավետ չի: Ոնց որ ստատիստ լինենք, գալիս լսում ենք 103 միլիոն, 50 մլն ու կինոն ավարտվում է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930