Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պետք է պատժել Չարենցի արձանի հանդեպ վանդալիզմ իրականացնողներին

Սեպտեմբեր 25,2012 11:53

Այս երկու օրն էլ սոցցանցերում ակտիվ քննարկվող թեմաներից մեկը մի խայտառակ տեսանյութում պատկերված այլանդակությունն է. երեք ճիվաղ Չարենցի (արձանի) մոտ խմբված, նախ՝ արեւային ակնոց են դնում արձանին, ապա այդ միաբջիջներից մեկը՝ ինչ-որ ինֆուզորիա, հարվածում է բանաստեղծի գլխին։ Չեմ պնդում, բայց հարվածողը երեւի Չարենցին 37 թվականին տանջահար անողներից մեկի դուրսպրծուկ շառավիղն է։
Տեսանյութում պատկերվածը, բնականաբար, շատերին է վրդովեցրել։ Մի մասը զարմացած է, թե կողքից այդ ամենը տեսնողները ինչո՞ւ կամ ինչպե՞ս է, որ չեն միջամտել, չեն սաստել, չեն տվել դրանց քիթումռութը ջարդել։ Ի վերջո, ամեն ինչ կատարվել է մարդաշատ վայրում, օրը ցերեկով։
Ուրիշները կարծում են, որ ոստիկանությունը պետք է հայտնաբերի ու քրեական պատասխանատվության կամ վարչական տույժի ենթարկի ճիվաղներին խուլիգանության ու վանդալիզմի համար։
Չգիտեմ, գուցե կհայտնաբերեն դրանց։ Եթե հայտնաբերեն, պարտադիր պետք է պատժել։ Չի կարելի հանդուրժել նման լկտիություն։ Եվ, եթե հանդուրժես, վաղը, մյուս օրը այն կրկնակի, քառակի մեծ դրսեւորումներ կունենա։ Այս ամենը հասկանալի է։
Անհասկանալի է այլ բան. որտեղի՞ց եւ ինչպե՞ս են հայտնվում նման արարածներ հենց մեր մեջ։ Դրանց ի՞նչ են ասել կամ չեն ասել իրենց ընտանիքներում, ի՞նչ են բացատրել կամ չեն բացատրել դպրոցներում։ Որքան էլ որ դրանց թիվը մեծ չլինի, միեւնույն է, բավարար է որեւէ լավ բան փչացնելու համար։
Մենք, արդարեւ, բորբոքվում ու զայրանում էինք, երբ թուրք-ադրբեջանական հրոսակը ջարդուխուրդ արեց Ջուղայի խաչքարերը։ Բայց դա թուրքերն էին։ Իսկ մեր «սեփական» վանդալնե՞րը։ Չէ՞ որ մեր եկեղեցիների պատերին գրոտողները, արձաններ փչացնողները թուրքեր չեն։ Եթե անձնագիրը վերցնես, ամենայն հավանականությամբ ազգանունն էլ հայկական կլինի։
Այնպես որ մենք կարծես ամենից առաջ ինքնամաքրվելու խնդիր ունենք։ Նախ՝ մեր միջի վայրագին ու բարբարոսին հաղթահարելու խնդիր ունենք։ Վայրագներ ու բարբարոսներ, որ ծնվում են ընդհանուր անհոգությունից, տհասության ու տգիտության գովազդման ընդհանուր միջավայրում։
Առանց չափազանցության. եթե, օրինակ, հեռուստատեսությամբ դու քեզ թույլ ես տալիս ծաղրել քո ազգի մեծերին ու նրանց արժանիքները, ապա անխուսափելիորեն մի օր կհանդիպես որեւէ ճիվաղի, որ այդ ծաղրն ու կապիկություններն ընկալել է որպես կյանքի եւ գործունեության ուղեցույց։ Եթե դու ամեն օր թմրամոլությունը կամ հանցագործ լինելը ներկայացնում ես որպես սովորական, նույնիսկ օրինակելի մի բան, ապա պատրաստ եղիր նրան, որ կարճ ժամանակ անց շուրջ բոլորդ շատանան թմրամոլներն ու հանցագործները։

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930