Հատված «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հարցազրույցից:
– Հավանակա՞ն է, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ընդդիմության միասնական թեկնածու լինի:
– Տեսնենք: Հարգելով ընդդիմադիր դաշտի այլ քաղաքական գործիչներին, կարծում եմ, որ առավել խարիզմատիկը Րաֆֆի Հովհաննիսյանն է։
Կարդացեք նաև
– Կարծում եք՝ Լևոն Տեր–Պետրոսյանը պակա՞ս խարիզմատիկ է։
– Հնարավորությունը մեկ անգամ է տրվում։ 2008-ին Լևոն Տեր-Պետրոսյանին մեծ հնարավորություն էր տրվել, ինչը նա կորցրեց։ Հազիվ թե այսօր նա ունի հասարակական նույն աջակցությունը։ Նա շարունակաբար ընդդիմադիր գործընկերներին իրենից վանեց։ Եթե իրենց թերթերը մի քիչ ազնիվ լինեն, ինչպես առաջ որևէ կուսակցությունից մեկ-երկու հոգու հեռանալուց հետո գրում էին՝ կուսակցությունը քանդվեց, ոչնչացավ, վերացավ, ՀԱԿ-ի պարագայում պիտի գրեին, որ ՀԱԿ-֊ն այլևս դոմինանտ ուժ չէ, բավականին կարող ուժեր հեռացան ՀԱԿ-ից, և ակնհայտ է, որ Լևոն Տեր֊-Պետրոսյանն առաջվա հնարավորություններն այլևս չունի։ Հայաստանը պետք է վերջապես դուրս գա երեք նախագահների եռանկյունուց, մենք պետք է առաջ շարժվենք։ ՀԱԿ-ի գործելաոճը հասարակությունը չընդունեց։
– Չհասկացվե՞ց, թե՞ չընդունվեց։
– Հասկացվեց ու չընդունվեց, սկզբում «Ժառանգությանը» վանեցին որպես գործընկեր, հետագայում ձեռնարկեցին քայլեր, որ Wikileaks-ի
հրապարակումներով պարզ դարձավ՝ երկակի խաղ են խաղացել։ Հետո՝ երկխոսություն իշխանության հետ, կոնկրետ ՀՀԿ-ի, որ չստացվեց։ Հետո երկխոսություն ԲՀԿ-ի հետ։
– ԲՀԿ–ի հետ կարծես մենախոսություն է։
– Ձախողված երկխոսությունից հետո հաճախ են մենախոսում։ Այս զիգզագները վկայում են, որ ՀԱԿ-ի քաղաքական որոշումները հասարակության մեծ մասը չընդունեց։
– Իսկ ՀԱԿ–ի անդամ Հրանտ Բագրատյանի պրայմերիզների առաջարկը կընդունի՞ հասարակությունը՝ Ձեր կարծիքով։
– Պրայմերիզները կուսակցության ներսում են տեղի ունենում, համակիրների շրջանում, ոչ թե ամբողջ հասարակության։ Ինչո՞ւ 2008-ին պրայմերիզներ չէին անում։ Քաղաքական ուժերն իրենց պատասխանատվությունը հասարակության ուսերին չպետք է փոխադրեն, իրենք պետք է ներկայացնեն իրենց թեկնածուին, ժողովուրդն էլ համաձայնի կամ չհամաձայնի։ Չեմ պատկերացնում տարբեր կուսակցությունների պրայմերիզները մեկ թեկնածուի շուրջ։ ՀՅԴ-ն ինչպե՞ս պիտի «Ժառանգության» թեկնածուի պրայմերիզ անի։ Կամ՝ հակառակը։ Միասնական թեկնածուն որոշվում է
քաղաքական խորհրդակցությունների միջոցով, ինչպես եղել է և՛ 1996-ին, և՛ 2003-ին, և՛ 2008-ին: Պետք չէ գեղեցիկ խոսքերի մեջ թաքնվել պատասխանատվությունից։ Միևնույն է, գեղեցիկ խոսքեր ամենից շատ իշխանությունն է ասում։ Հիմա ճիշտ գործերի ժամանակն է։
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
«Իրատես de facto»