Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Սարգսյանը հանձնարարել է 40 տոկոսով բարձրացնել ՀՊՄՀ դասախոսների աշխատավարձը

Սեպտեմբեր 25,2012 10:34

ՀՀ վարչապետ, Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ սեպտեմբերի 24-ին տեղի է ունեցել համալսարանի խորհրդի հերթական նիստը: Քննարկվել է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հաշվետվությունը ՀՊՄՀ-ում իրականացրած փորձնական ինստիտուցիոնալ հավատարմագրման արդյունքների վերաբերյալ:

«Մենք ցանկանում ենք, որպեսզի մանկավարժական համալսարանը, որը հաջողությամբ է իրականացնում իր բարեփոխումները, դառնա Հայաստանի առաջատար բուհերից  մեկը: Երկրում այսօր իրականացնում ենք բուհական կրթության բարելավման բարեփոխումներ և հասկանալի է, որ առաջին հատվածում պետք է լինեն ուսուցիչները: Դա նշանակում է, որ մանկավարժական համալսարանը պետք է կարողանա ամբողջ կրթական ոլորտին ապահովել բարձր որակավորում ունեցող մասնագետներով, որոնք կկարողանան արմատական փոփոխություններ իրականացնել մեր կրթական համակարգում: Համոզված եմ, որ մեր երկրի առաջընթացը պայմանավորված է լինելու նաև հենց այս բարեփոխումներով:

Եթե մենք կարողանանք մեր նպատակներին հասնել, ապա երկրում որակական նոր փոփոխություն կլինի՝ շնորհիվ այն ուսուցիչների, որոնց դուք եք պատրաստելու»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Մանկավարժական համալսարանի խորհրդի նախագահը հանձնարարել է իրականացնել բարեփոխումների փուլային և ժամանակացուցային թիրախավորում և  ժամանակ առ ժամանակ քննարկել դրանց կատարման ընթացքը:

Վարչապետի խոսքով՝ այսօր մանկավարժական համալսարանը հնարավորություն ունի համագործակցել միջազգային կազմակերպությունների հետ, ստանալ տեխնիկական օժանդակություն, ուստի պետք է օգտագործի իր միջոցները՝ բարձր չափանիշների որակավորում ունեցող շրջանավարտներ պատրաստելու համար:

Նիստի ընթացքում բարձրացվել է մանկավարժական համալսարան երիտասարդ դասախոսների ներգրավելու անհրաժեշտության հարցը, որոնց թիվն այսօր սակավ է: Այդ կապակցությամբ Տիգրան Սարգսյանը նկատել է. «Փաստ է, որ երիտասարդ գիտնականների խրախուսման առաջնային ձևերից մեկը ֆինանսականն է: Պարոն Միրզախանյան, ես Ձեզ անցած տարի հանձնարարեցի 40 տոկոսով բարձրացնել աշխատավարձերը, ինչը Դուք արեցիք: Սակայն կարծում եմ, որ այդ գումարի չափն էլ բավարար չէ: Հանձնարարում եմ Ձեզ մինչ այս տարվա ավարտը կրկին 40 տոկոսով բարձրացնել Ձեր դասախոսների աշխատավարձը: Մենք պետք է շարունակենք աշխատավարձերի բարձրացման գործընթացը, որպեսզի երիտասարդների մոտ ցանկություն առաջանա իրենց ապագան կապել հենց մանկավարժական համալսարանի հետ: Նրանք պետք է հասկանան, որ այստեղ որակի խիստ պահանջների հետ մեկտեղ առկա է նաև դրանց համադրելի վարձատրություն»:

Հանձնարարականի կապակցությամբ ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն  Միրզախանյանը նշել է, որ մինչ տարեվերջ համալսարանի շուրջ 900 պրոֆեսորա-դասախոսական կազմի ներկայացուցիչների աշխատավարձը կբարձրացվի ևս 40 տոկոսով:

Ուսանողական հանրակացարանների կառուցման վերաբերյալ հարցին ի պատասխան Տիգրան Սարգսյանը նշել է, որ ՀՀ կառավարության ծրագրում, որն արժանացել է Ազգային ժողովի հավանությանը, այս դրույթը ներառված է: ՀՀ կրթության և գիտության նախարարությունն այժմ աշխատում է հստակ ծրագիր մշակելու ուղղությամբ:

Անդրադառնալով ուսանողներից մեկի այն դիտարկմանը, թե ներկայում շրջանավարտը չի կարողանում գտնել աշխատանք, քանի որ գործատուն պահանջում է աշխատանքային փորձ՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը տեղեկացրել է, որ կառավարության ղեկավարի հանձնարարականով այժմ իրենք աշխատում են օրենսդրական փաթեթի վրա, որը կկարգավորի խնդիրը: Նախագծով առաջարկվելու է ուսումնառության տարիները դիտարկել որպես աշխատանքային փորձ, ինչը կհեշտացնի երիտասարդների մուտքը քաղաքացիական ծառայության և մասնավոր ոլորտ:

Մանկավարժական համալսարանի խորհրդի անդամները շնորհակալություն են հայտնել Տիգրան Աարգսյանին բուհի զարգացմանը հետամուտ լինելու համար և կարևորել վարչապետի անձնական ներդրումը համալսարանում բուռն բարեփոխումների իրականացման գործում:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930