Թեև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը շարունակում է խուսափել նախագահական ընտրությունների վերաբերյալ որևէ հոդաբաշխ դիրքորոշում արտահայտելուց, այսուամենայնիվ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կարծես թե արդեն իսկ սկսել է նախընտրական քարոզարշավը: Ծառուկյանը զանազան հանդիպումներ է ունենում, նյութական անակնկալներ խոստանում, գյուղացիների հետ զրուցում, մինչև անգամ գալիք տարվա համար խաղողի մթերման խոստումներ տալիս, իսկ այս ամենն էլ լայնորեն քարոզվում է նրան պատկանող լրատվամիջոցներով:
Այս ամենը վկայում է, որ Գագիկ Ծառուկյանն, այնուամենայնիվ, որոշակի պլաններ ունի նախագահական ընտրությունների հետ կապված, և որքան էլ որ կուսակցության մամլո խոսնակը հայտարարում է, որ ԲՀԿ-ն ձեռնպահ է մնում երեկ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի հրապարակած տվյալների վերաբերյալ խոսելուց՝ ըստ որոնց Գագիկ Ծառուկյանն ընդդիմադիր միասնական թեկնածուի ամենապահանջված հավակնորդն է, միևնույն է` ակնհայտ է, որ «Բարգավաճ Հայաստանը» նախագահական ընտրություններին ընդառաջ արդեն իսկ գործում է որոշակի հստակեցված սցենարով: Հարցը այստեղ հետևյալն է` սույն սցենարը գրվել է Սերժ Սարգսյանի՞ նստավայրում, թե՞ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակում: Ամենաքիչ հավանականը երևի այն է, որ սցենարի հեղինակը Գագիկ Ծառուկյանն է:
Բանն այն է, որ Ծառուկյանն, իհարկե, բոլորովին այն գործիչը չէ, որ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև փորձի ինքնուրույն խաղ խաղալ: Ավելի ճիշտ` Քոչարյանն ու Սարգսյանը այն գործիչները չեն, որ նրան նման ինքնուրույն խաղ թույլ տան: Այսինքն` այնուամենայնիվ ինչ-որ մեկը մղում է Ծառուկյանին այն գործողություններին, որ նա կատարում է այժմ: Ըստ որում` առայժմ միայն ենթադրությունների մակարդակով է հնարավոր ասել, թե ում է հատկապես ձեռնտու նրա գործունեությունը: Բանն այն է, որ ներկայումս Ծառուկյանի պահվածքը հավասարապես թե՛ Սարգսյանին, թե՛ Քոչարյանին ձեռնտու է: Եվ հենց այստեղ է, որ ամեն ինչ կորոշի նրա վրա ունեցած ազդեցությունը՝ ո՞ւմ խոսքով է, ի վերջո, շարժվելու Ծառուկյանն իր լեգենդով, ո՞վ է ավելի ամուր բռնել ԲՀԿ սանձերը: Այստեղ առայժմ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը շարժվում են փոխնիփոխ հաջողությամբ: Մե՛կ Սարգսյանն է ցուցադրում իր առավելությունն ու ազդեցությունը «Բարգավաճի» վրա, մե՛կ դա ցույց է տալիս Ռոբերտ Քոչարյանը: Այսպես եթե շարունակվի, ապա միգուցե չի բացառվում նաև անմոռուկի թերթիկների տարբերակը, երբ նախագահական ընտրություններում վճռորոշ թերթիկը կպոկի նա, ում հերթը կլինի այդ պահին:
«Ժամանակ»