Ս.թ. սեպտեմբերի 24-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ Հայ օգնության ֆոնդի ներքո ձևավորված Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամին նվիրված (ԳԿՀԱՀ` «ANSEF») միջազգային ֆորումը։
ANSEF-ը ստեղծվել է 2000 թվականին դոկտոր Էդգար Հովսեփյանի, դոկտոր Արամ Չոբանյանի, դոկտոր Երվանդ Թերզյանի և մի խումբ ամերիկայհայ բարերարների հայանպաստ ջանքերով և անցած տասներկու տարիների ընթացքում կարևոր դեր է խաղացել հայկական գիտական մտքի զարգացման գործում՝ աջակցելով և խրախուսելով հայ երիտասարդ գիտնականներին իրենց գիտահետազոտական աշխատանքը շարունակելու հայրենիքում։
Ֆորումին ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդ՝ ՀՕՖ-ի նախագահ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, ՀՕՖ-ի ատենապետ Րենդի Սաբահ-Գուլյանը, ANSEF-ի հետազոտական խմբի ներկայացուցիչներ և փորձագետներ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ ԿԳՆ Արմեն Աշոտյանը, ՀՀ Սփյուռքի նախարար, տիկին Հրանուշ Հակոբյանը, Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնը, ինչպես նաև ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, գիտնականներ, ակադեմիկոսներ և այլ պատվավոր հյուրեր։
Ֆորումի ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկան ՀՕՖ-ի տնօրենների խորհրդի անդամ՝ նախկինում Բոստոնի համալսարանի պատվավոր նախագահ՝ դոկտոր Արամ Չոբանյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնը, ինչպես նաև ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը։
Տեսական և կիրառական ոլորտի գիտական նվաճումները ներկայացվեցին տեսանյութերի և պատկերավոր հաշվետվությունների տեսքով, որոնց միջոցով գիտնականները և ANSEF դրամաշնորհի արժանացած գիտահետազոտական խմբերի ներկայացուցիչները մեկ անգամ ևս փաստեցին արձանագրված արդյունքներն ու դրանց կայացման գործում ANSEF-ի դրամաշնորհային ծրագրի կարևորությունը։ Ֆորումի քննարկման ընթացքում հնչեցին նաև մի շարք գործնական առաջարկներ։
Հիշեցնենք, որ անցած 12 տարիների ընթացքում ՀՕՖ-ի գիտական այս ծրագրի մրցանակին ընդհանուր առմամբ արժանացել են 281 գիտահետազոտական խմբեր, որոնցում ընդգրկված են եղել 1000-ից ավելի գիտնականեր: Ծրագրի դրամաշնորհային գումարը կազմել է 1մլն 405 հազար դոլար
ՀՕՖ-ի հաղորդակցության և տեղեկավության բաժին