Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցին, որ 2000 այցելուի համար է նախատեսված, ըստ որոշ տեղեկությունների կառուցվել է 15-16-րդ դարերում, թեեւ եկեղեցու վրա փորագրված է 1376 թվականը, անցյալ տարի վերանորոգվելուց հետո բացեց իր դռներն այցելուների համար, անգամ պատարագ մատուցվեց այնտեղ: Դիրաբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրը խոստացել է անգամ, որ եկեղեցու վրա անպայման խաչ կտեղադրվի:
Այժմ եկեղեցին ամբողջությամբ վերանորոգված է, վերականգնված է նախկին տեսքը, սակայն շինարարական աշխատանքները դեռ չեն ավարտվել, եկեղեցու տարածքում նորոգվում է մատուռը, եւ կառուցվում է կիրակնօրյա դպրոց:
Այս եկեղեցու դռները «Ընդլայնելով երկխոսության շրջանակները. Մեդիան եւ հայ-թուրքական հարաբերությունները ներկա պահին» Հայաստան-Թուրքիա կլոր սեղանի մասնակիցների համար այսօր բացեց Աբդուլլա Դեմիրչօղլուն, որը սակայն արդեն մի քանի տարի ինքն իրեն Արմեն Դեմիրճյան կամ Արմեն Դեմիրճ է անվանում:
Արմենը պատմում է, որ ինքը մինչեւ քսան-քսանհինգ տարեկանը չի իմացել իր ծագման մասին, քանի որ այդ թեմայով երբեւէ չի խոսվել տանը: Ճիշտ է, պարբերաբար դրսում իր հասցեին լսել է «հայի վաստակ», «հայի լակոտ» արտահայտությունները եւ ի վերջո հետաքրքրվել է եւ պարզել, որ հայրը հայ է եղել:
Կարդացեք նաև
Արմենի հայրը` Հովսեփը, ընդամենը հինգ տարեկան է եղել, երբ Ցեղասպանության ժամանակ կոտորել են իր ողջ ընտանիքը: Դեմիրճյան Տոնապետի եւ Մարիամի ընտանիքից փրկվել է միայն Հովսեփը, որին թաքցրել է հարեւան քուրդ ընտանիքը: Որոշ ժամանակ երեխային ախոռում են թաքցրել, որից հետո իրենց երեխայի պես պահել եւ աշխատացրել են, ուղարկել են արոտավայրեր: Հովսեփն ապրել է Դիարբեքիրի հարեւանությամբ գտնվող Լիճք գյուղում, որտեղ ներկայումս ապրում են Արմենի երկու եղբայրները: Հինգ տղա է ունեցել Հովսեփը` ամուսնանալով իրեն փրկած քրդերի աղջիկներից մեկի հետ, հացի փուռ է ունեցել, որը 1975-ին երկրաշարժից ավիրվել է: Արմենը քսանհինգ տարի առաջ է տեղափոխվել Դիարբեքիր, բացի Լիճքում բնակվող երկու եղբայրներից, նա ունի նաեւ Ստամբուլում եւ Բուրսայում բնակվող եղբայրներ.«Լավ կլիներ, որ գոնե մի քույր ունենայի, բայց Ալլահը չտվեց»,-ասում է Արմենը: Նա ինքը չորս զավակ ունի, որոնցից երկու մեծերն արդեն ամուսնացել են, թոռներ են պարգեւել իրեն, ապրում են առանձին, իսկ մյուս երկուսը դեռ դպրոցահասակ են:
Արմենը մասնագիտությամբ վարորդ է, սակայն նաեւ Սուրբ Կիրակոսում է աշխատում, պատմում է, որ երբ սկսվեց եկեղեցու վերանորոգումը, Դիարբեքիրում Սուրի թաղապետարանի (որտեղ գտնվում է եկեղեցին) նախաձեռնությամբ նաեւ հայերենի եռամսյա կուրսեր բացվեցին, որը վարում էր Ստամբուլից եկած սասունցի Գեւորգը: Բացի Արմենից, եւս քառասուն-հիսուն դիարբեքիրցի են հերթագրվել այդ կուրսերին, սակայն վերջում հազիվ երեսունն են ավարտել: Սովորել է «բարեւ, բարի տեսանք, ինչպես ես, Աստված պահե» եւ այս կարգի մի քանի տասնյակ արտահայտություններ:
Արմենն ասում է, որ Դիարբեքիրում առնվազն 100 հայ կա, որոնց մոտ կեսը չի վախենում խոստովանել իր արմատները, սակայն մնացածները լռում են: Երբ կիրակնօրյա դպրոցը բացվի, Արմենը կարծում է, որ այդ հայերից շատերը կգնան հայերեն սովորելու: Իր հայերենի ուսուցիչ սասունցի Գեւորգի լուսանկարը Արմենը նույն հպարտությամբ է մեզ ցույց տալիս, ինչ-որ իր թոռնիկների, դպրոցահասակ զավակների եւ իր հայր Հովսեփի լուսանկարները:
Դիարբեքիրում, որը տեղաբնակ կամ այստեղից ժամանակին հեռացած հայերը շարունակում են Տիգրանակերտ կոչել, իսկ քրդերն էլ` Ամիդ, եւ անգամ առաջարկում են այն վերանվանել ՏիգրանԱմիդ, մինչև XXդ. սկիզբը բնակչության մեծամասնությունը կազմել են հայերը` մոտ տաս հազար մարդ: Գործել է երկու եկեղեցի` հնգախորան Ս.Սարգիսը եւ վերը հիշատակված Սուրբ Կիրակոս յոթնախորան եկեղեցին: Գործել է նաեւ յոթ հայկական վարժարան: Հայերի զգալի մասը զոհվել է 1895թ. համիդյան ջարդերի ժամանակ: Շուրջ 5 հազար հայեր բնաջնջվել են 1915թ. Ցեղասպանության ժամանակ: Արմենի պապի գյուղի` Լիճքի բոլոր 500 հայերը նույնպես զոհվել են այդ ժամանակ:
Այս ամենը Արմենը մեզ պատմում էր երեկոյան, երբ ընթրում էինք Դիարբեքիրի հայտնի ռեստորաններից մեկում, որը գտնվում էր մի բլուրի գագաթին, որտեղից շատ լավ երեւում էր 1050 թվականին Յուսուֆ ճարտարապետի կողմից կառուցված գեղեցիկ տասնակամար կամուրջը: Այդ կամուրջի վրայից 1915-ին Տիգրիսն են նետել հարյուրավոր հայերի, այդ թվում` Արմենի հոր` Հովսեփի ողջ ընտանիքին` ծնողներին, քույրերին եւ եղբայրներին, ազգականներին: Արմենը հետագայում, երբ փորձում է գտնել իր արմատները, հարցուփորձ անելով հայտնաբերում է իր ողջ մնացած մի քանի ազգականի, որոնցից մեկը ներկայումս ԱՄՆ-ում բնակվող մի մեծահարուստ է: «Սակայն նա շատ անտարբեր եղավ իմ հանդեպ, երեւի մտածեց, թե իր փողերի վրա աչք ունեմ»,-ձայնի մեջ որոշակի ցավ ու նեղվածություն պահած` կատակեց Արմենը:
Արմենը նաեւ Ստամբուլում տպագրվող հայկական «Ագոս» թերթն է տարածում Դիարբեքիրում, եւ ասում է, որ հենց «Ագոսի» տարածման ընթացքում է հայտնաբերում նորանոր հայերի: «Մի գրքույկ կազմեցի այդ հայերի անուններով, գրի առա իրենց պատմությունները եւ ուղարկեցի «Ագոս», որտեղ նոր բացահայտվող հայերի մասին տեղեկություններ են հավաքում»,-ասում է Աբդուլլա-Արմեն Դեմիրճյանը: Ի դեպ, նա նաեւ ասաց, որ ալեհավաքով դիտում է հայկական հինգ հեռուստաալիքներ` «Շանթ», «Արմենիա», Հ1, «Կենտրոն» եւ «Երկիր մեդիա»: Որոշ ժամանակ է, «Երկիր մեդիան» չի սփռվում դրսում եւ Արմենին դա շատ էր տխրեցրել` «Հայաստանում կասեք, որ մենք ուզում ենք նայել այդ ալիքը»` պատվիրեց նա: Նաեւ ասաց, որ մտադիր են հայերենի եռամսյա կուրսն ավարտած «դասարանցիներով» այցելել Հայաստան, անհամբեր այդ ճամփորդությանն է սպասում:
Մեր ընթրիքի ժամանակ պարզվեց, որ այս օրերին Դիարբեքիրում է այս քաղաքը մոտ երեսուն տարի առաջ լքած եւ Լոս-Անջելեսում հիմնավորված եւս մի հայ` Երվանդ Բոստանչին, կամ ինչպես նրան բոլորը գիտեն` Ուդի Երվանդը: Ուդի Երվանդը ուդ է նվագում եւ բավականին հայտնի երաժիշտ է Թուրքիայում եւ ԱՄՆ-ում, ասաց նաեւ, որ նախորդ տարի Երեւանում էլ է մեծ համերգ ունեցել:
Ի պատիվ հայաստանցիների` Ուդի Երվանդը` Արմենի եւ դիարբեքիրցի հայտնի քուրդ գրող, Դիարբեքիրի քաղաքապետարանում աշխատակցող Շեյմուս Դիքենի հետ երգեց հայերի մասին պատմող մի երգ, որից մի հատված կարող եք լսել տեսանյութում:
Ներկայումս Դիարբեքիրում ավելի քան մեկ միլիոն մարդ է բնակվում` մեծամասամբ քրդեր: Հայերը պաշտոնապես 11 ընտանիք են, իսկ թաքնված հայերը…
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ
Դիարբեքիր
Գլխավոր լուսանկարում՝ Արմեն Դեմիրճին` վերեւում, եւ Երվանդ Բոստանչին: