Այսօր Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով մարդասպան Ռամիլ Սաֆարովի ազատ արձակման ու հերոսացման փաստին, քաղաքագետ Սահակ Սահրադյանը կարծիք հայտնեց, որ Ալիևնների կլանը այս դրվագը օգտագործում է սեփական իշխանության վերարտադրման համար: «Մենք մեր ուշադրությունը սևեռում ենք հարցի զգայական կողմին ` անտեսելով քաղաքական դրդապատճառները: Չգիտես ինչու, զգայական կողմից բացի, մենք չենք վերլուծում, չենք անդրադառնում նրան, թե ինչպե՞ս ստացվեց, որ Ադրբեջանի իշխանությունները գնացին նման քայլին, և ի՞նչ ուժեր կային կանգնած նրանց թիկունքին, որոնք թույլ տվեցին նման գործարքի գնալ:Նմանատիպ գործարք իրականացնողները չէին կարող չհասկանալ, որ այս ամենը ունենալու է շատ լուրջ միջազգային արձագանք:Ադրբեջանի իշխանությունների մոտիվացիան ես կբացատրեի Ալիևների մեգապրոյեկտների նկատմամբ ունեցած հակվածությամբ. ժամանակի ընթացքում` 2000-ական թվականից սկսած , երբ նավթի միջազգային գները սկսեցին բարձրանալ, Ադրբեջանի քաղաքականությունը հենված էր իր ժողովրդին, իր ազգաբնակչությանը մեգապրոյեկտներ հրամցնելու վրա: Դրանց շարքում էին և աշխարհի ամենամեծ դրոշի ստեղծումը, որը եթե հիշում եք ընկավ , և ասենք Եվրատեսիլում Ադրբեջանի ներկայացուցիչների հաղթանակը , և Սաֆարովին ազատ արձակելը, և Հայաստանի պետական բյուջեն գերազանցող ռազմական բյուջե ունենալը և ասենք արտասահմանյան երկրներում ` Վենեսուելայում, Մեքսիկայում ավագ Ալիևի արձանը տեղադրելը: Այդ բոլոր մեգապրոյեկտները կազմում են տրամաբանական մի շղթայի օղակներ, որոնց հիմքում ընկած է Ադրբեջանի բնակչությանը, ժողովրդին երկրի ներսում գոյացած պրոբլեմներից շեղելու գաղափարը, ամենակարևորն այն է, որ պետք է Ադրբեջանի բնակչությանը բացատրեն, թե ինչո՞ւ իրենք վատ են ապրում` ունենալով հսկայական ածխաջրածնային պաշարներ` նավթի և գազի: Վատ ապրելու բացատրությունը մեկն է. կա թշնամի երկիր` Հայաստան, որին հաղթելու համար մենք պետք է ունենանք մեծ ռազմական բյուջե, մենք ունենք հերոսներ, որոնց 2 -3 միլիարդ դոլար ծախսելով, կաշառք տալով կամ ինչ-որ մութ գործարքներով բերում ենք հայրենիք, ազատում ենք, մենք պարտավոր ենք աշխարհում ներկայանալի, ճանաչված պետություն լինել , դրա համար անհրաժեշտ է մեծ դրոշ ունենալ, Եվրատեսիլում հաղթել:Այսինքն լեգիտիմացվում է Աբրբեջանի բնակչության ցածր մակարդակը», – ասում է քաղաքագետը:
Իսկ թե ի՞նչ միջազգային ուժերի ու հովանավորների միջոցով կայացավ այս գործարքը, մեր զրուցակցի ասելով, սա հասկանալու համար պետք է վերլուծել, թե Ալիևյան կլանը ինչ հիմքերի վրա է կառուցված և ո՞րն է նրա իշխանության գոյության տրամաբանությունը: «Արևմտյան երկրների հատուկ ծառայությունները բնականաբար չէին կարող չիմանալ այս գործարքի մասին, քանի որ այն բավականին երկար նախապատրաստված էր , և նմանատիպ որոշումները մեկ գիշերվա ընթացքում չեն ընդունվում: Աշխարհում Ադրբեջանի տեղն ու դերը պայմանավորված է ոչ թե ածխաջրածինների պաշարների քանակությամբ, այլ նրա բնակչության էթնիկ և կրոնական կառուցվածքի, և դեմոգրաֆիկ հատկություններով: Ադրբեջանը աշխարհում 3-րդ երկիրն է, որն ունի գերազանցապես շիա ազգաբնակչություն: Իրանում շիաները մեծամասնություն են, իշխանություն են, Եմենում շիաները մեծամասնություն են, սակայն իշխանություն չեն, այնտեղ սունիտների ձեռքում է իշխանությունը, Ադրբեջանում շիաները մեծամասնություն են, բայց քանի որ պետությունը հիմնականում կառուցված է աշխարհիկության սկզբունքների վրա, Իրանի ազդեցությունը խիստ սահմանափակ է: Իսկ Իրանի ազդեցությունը սահմանափակելու քաղաքականությունը Արևմուտքի, մասնավորապես Իսրայելի հիմնական խնդիրն է, որը համարվում է Արևմուտքի հիմնական դաշնակիցը մերձավոր Արևելքում: Այսինքն թույլ տալ Ադրբեջանին գնալ դեպի իսլամիզացիա, նշանակում է Կովկասյան տարածաշրջանում Իրանին օժտել շատ լուրջ ազդեցության լծակով:
Չմոռանանք, որ Ադրբեջանն ունի չլուծված կոնֆլիկտ Հայաստանի հետ, ունի պոտենցիալ խնդիր Վրաստանի հետ. Մառնեուլի շրջանը, որը բնակեցված է ադրբեջանցիներով, և ունի կոնֆլիկտի հնարավորություն ամբողջ Մերձկասպյան տարածաշրջանի երկրների հետ, որովհետև Կասպից ծովի բաժանումը դեռևս ավարտված չէ: Կասպից ծովի միջազգային կարգավիճակը դեռ հստակեցված չէ, դրա համար Արևմուտքը հանդուժում է Ալիևների կլանի գոյությունը զուտ այն պատճառով, որ Ալիևները կարողանում են բնում, օրորոցում խեղդել Ադրբեջանի իսլամիզացիայի ցանկացած փորձ: Իհարկե, Արևմուտքի համար ավելի ցանկալի կլիներ, եթե Ալիևները կարողանային կառուցել ժամանակակից, եվրոստանդարտներով պետություն, բայց քանի որ ոչ ադրբեջանական էլիտան , ոչ էլ հասարակությունը պատրաստ չեն դրան, դրա փոխարեն գալիս է ազգայնական պետություն, դիկտատուրա կառուցելու ճանապարհը: Իսկ ազգայնականության գոյության, զարգացման համար անհրաժեշտ են հերոսներ, իսկ Ադրբեջանը ունի հերոսների դեֆիցիտ` որպես պատերազմում պարտված կողմ»:
Կարդացեք նաև
Մեր զրուցակցի ասելով, տվյալ դեպքում Սաֆարովը 100 տոկոսով համապատասխանում է հերոսի կերպարին, որովհետև նա ադրբեջանական բառապաշարով ասված օկուպացված տարածքներից է, երկրորդ` հայ է սպանել, և 3-րդ նրան հայրենիք բերելով` Ալիևը ցույց է տալիս, որ հակահայկական ցանկացած արարք պետության կողմից հովանավորվում է:
«Իհարկե սա Ադրբեջանի միջազգային իմիջին վնաս է, բնականաբար սա չէին կարող չհասկանալ Ադրբեջանում, ինչպես նաև Ադրբեջանին հովանավորող միջազգային ուժերի կենտրոնում, բայց քանի որ այս ամենը հասկանալով հանդերձ է արվել, պետք է ենթադրել, որ չափազանց կարևոր է Աբրբեջանում բուն ազգայնական տրամադրությունները վառ պահելը`որպես իսլամական տրամադրությունների աճի կանխման միջոց: Մյուս կողմից պետք է նշել, որ Սաֆարովի ազատ արձակումը Հայաստանի միջազգային դիրքի և ԼՂՀ բանակցային գործընթացի վրա ունեցավ այն ազդեցությունը , որ մեր երկրի միջազգային դիրքը բավականին ամրապնդվեց, որովհետև Հայաստանը շահեկանորեն սկսվեց տարբերվել Աբրբեջանից որպես տոլեռանտ, որպես ժողովրդավարական , արևմտյան արժեքներին ավելի ինտեգրված երկիր: Կարծում եմ, չափազանց սխալ են այն մարդկանց կոչերը, ովքեր կոչ են անում նոր նեմեսիսի կամ պետական մակարդակով ահաբեկչություն կազմակերպելուն:
Այստեղ կա Իսրայելի օրինակը, որը պետական մակարդակով նման ահաբեկչություն է իրականացնում ասենք թեկուզ երկրի սահմաններից դուրս: Իսրայելը, որպես համաշխարհայնորեն ընդունված միակ ցեղասպանված ժողովուրդ, կա կոնսենսուս. այն, ինչ կարելի է Իսրայելին, չի կարելի աշխարհում ոչ մեկին, որովհետև իսրայելական-հրեական կազմակերպությունների ձեռքում է կենտրոնացված շատ լուրջ կապիտալ և լոբբիստական ռեսուրսներ , և այդ լոբբիստական ռեսուրսները տասնամյակներ ծառայել ու ծառայեցվում են նրա համար, որ Իսրայելին թույլ տրվի իրականացնել ահաբեկչություն պետական մակարդակով : Հայաստանը կարծում են նման ռեսուրս չունի, և շատ սխալ կլինի գնալ Իսրայելի ճանապարհով: Դա կտանի նրան, որ Հայաստանը կմոտենա ոչ թե Իսրայելին, այլ Ադրբեջանին` որպես ահաբեկչությունը հովանավորող և ահաբեկչություն իրականցնող պետություն»,-կարծում է քաղաքագետը:
Սահակ Սահրադյանը Սաֆարովի ազատ արձակման հարցում ՀՀ Արտգործնախարարությանը բացարձակապես չի մեղադրում, սակայն կարծում է, որ այս գերատեսչությունը ստեղծված միջադեպը պետք է խելամտորեն օգտագործի Հայաստանի բանակցային դիրքերը ամրապնդելու համար: Իսկ Սաֆարովին, նրա կարծիքով, Ադրբեջանում շուտով կմոռանան, որովհետև նա միանգամյա օգտագործման հերոս է:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ