Լրահոս
Օրվա լրահոսը

Քուրդ լրագրող.«Քրդերը զղջում են 1915 թվականի դեպքերին իրենց մասնակցության համար»

Սեպտեմբեր 24,2012 21:11

Դիարբեքիրում (Թուրքիա) ընթանում է «Ընդլայնելով երկխոսության շրջանակները. Մեդիան եւ հայ-թուրքական հարաբերությունները ներկա պահին» Հայաստան-Թուրքիա կլոր սեղանը: Այս քննարկումը «Աջակցություն հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը» երկամյա բազմապրոֆիլ ծրագրի վերջին ակորդներից է:

Հանդիպումը բացելով` ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանը պատմեց, թե ինչպես է հայկական խումբը հասել Դիարբեքիր` ծախսելով ավելի քան 15 ժամ` Երեւան-Թբիլիսի-Ստամբուլ-Դիարբեքիր ճանապարհը անցնելու համար, այն դեպքում, եթե ուղիղ օդային կապի դեպքում այդ ճանապարհը կարելի էր անցնել ընդամենը 1,5 ժամում,  իսկ բաց սահմանների դեպքում կարելի էր ավտոբուսով 600 կիլոմետրը հաղթահարել 9 ժամվա ընթացքում:

Հիմնականում քրդերով բնակեցված, եւ ըստ էության, Թուրքիայի քրդաբնակ տարածաշրջանի դե ֆակտո մայրաքաղաք համարվող Դիարբեքիրում անցկացվող այս հավաքին մասնակցում էին ոչ միայն թուրք լրագրողներ եւ փորձագետներ, այլեւ տեղական, քրդական ԶԼՄ-ների ներկայցուցիչներ: Ողջունելով հայ գործընկերներին` քուրդ գրող Շեյմուս Դիքենը (Şeyhmus Diken)  ասաց. «Հայաստանից եկած ընկերներ, բարով եք եկել Դիարբեքիր, Տիգրանակերտ, Ամիդ… սա որքան քրդերի հողն է, այնքան էլ ձեր հողն է, ձեր պապերն են ապրել այստեղ անցյալում: Ճիշտ է, հիմա քիչ են նրանք, բայց նրանց հետքը, նրանց հուշարձանները, գերեզմանները կան: Ես երեք ամիս առաջ եղա Հայաստանում, եւ տեսա, որ, ի տարբերություն Սփյուռքի, որը խիստ է Թուրքիայի հետ կապեր հաստատելու կապակցությամբ, Հայաստանի ժողովուրդը շատ մեղմ է վերաբերվում երկխոսությանը, կողմ է, որ ընդլայնվի այդ երկխոսությունը: Ես կարծում եմ, որ պետք է երկխոսել ոչ միայն Հայաստան-Թուրքիա ձեւաչափով, այլեւ ինքնությունների մակարդակով` հայ-թուրքական, քուրդ-հայկական եւ այլն»:

Հանդիպմանը ներկա այլ քուրդ լրագրողներ եւս խոսում էին նույն տոնայնության մեջ, ասելով, որ որեւէ խնդիր չունեն հայերի հետ, որ ուրախ են իրենց մոտ տեսնելու որքան հնարավոր է շատ հայաստանցիներ, որ կարեւորում են սահմանների բացումը:  Մինչ այդ, երբ խոսակցության ընթացքում հայ լրագրողներն ասում էին, որ այսինչ կամ այնինչ թեմայի մասին կուզեին լսել նաեւ թուրք լրագրողների կարծիքը, արձագանքում էին համապետական թերթերի լրագրողները, եւ հետո պարոն Շեյհմուս Դիքենը «գլխի գցեց»` «Դիարբեքիրի լրագրողները ասում են` եթե ձեզ միայն թուրք լրագրողների կարծիքն է հետաքրքրում, մենք չենք կարող պատասխանել, մենք քուրդ լրագրողներ ենք»:

Այս համատեքստում շատ տիպիկ էր Դիարբեքիրի Rudaw թերթի լրագրող Մաշալլա Դեքակի (Maşallah Dekak) խոսքի սկիզբը, թե` «կներեք, ես լավ չեմ խոսում թուրքերեն, որովհետեւ սովորաբար քրդերեն եմ խոսում եւ գրում», բայց հետո լավ թուրքերենով ասաց, որ Թուրքիայում ձեւավորված հասարակությունում օտար չլինելու համար պետք է ազգությունդ լինի թուրք, սեռդ` արական, կրոնդ`սունի մահմեդական, այս երեք պայմաններից որեւէ մեկը չբավարարելու դեպքում դու ուրիշ ես, այլ ես, եւ քեզ սկսում են ճնշել: Ապա, անդրադառնալով ԶԼՄ-ներին, ասաց, որ որքան էլ դրանք տարբեր են, սակայն բոլոր գլխավոր, համապետական թերթերը իշխանության սպասարկուներն են, իսկ մյուսները ճնշված են, եւ եթե փորձում են ազատ լինել, անմիջապես ճնշումներն ուժեղանում են. «Վերջին օրերին տեսանք, թե ինչպես մի քանի լրագրող կրկին բանտ նետվեցին, մենք մի երկրում ենք ապրում, որտեղ լուրեր գրողները պետք է սիրաշահեն կառավարություններին,  եթե` ոչ, կամ հաղորդումները կփակվեն, կամ իրենք բանտ կնետվեն, իզուր չէ, որ Թուրքիան աշխարհում երկրորդն է` բանտում գտնվող լրագրողների թվով»:

Ապա նա ասաց, որ ի տարբերություն թուրքական գլխավոր թերթերի, տեղական թերթերը, մասնավորապես` քրդականները, ազատ են, ազատորեն գրում են հայերի եւ մյուս ազգային ինքնությունների մասին.«Քրդերը Թուրքիայի հասարակությունից տարբերվում են, դրական են տրամադրված հայերի հանդեպ առան, քրդերը զղջում են այն ոճրագործության համար, որ եղավ, ուզում եք ցեղասպանություն ասեք, ուզում եք ոճրագործություն, որովհետեւ պետությունը նրանց խաբեց, եւ նրանք մասնակցեցին դրան»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Դիարբեքիր, Թուրքիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930