Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ուշադրության կենտրոնում հայտնված «Տոնոյան Ալվարդ» Ա/Ձ-ն Թալինի թիվ 1
մանկապարտեզին պետգնումներով մսի պահածո է մատակարարել: Ըստ հանձնաժողովի`«Պետության կողմից երեխաների համար տրամադրված սննդի գումարով գնվել են այնպիսի ապրանքներ` բաստուրմա, սուրճ, սուջուխ, մսի եւ ձկան պահածոներ, որոնց օգտագործումը մանկական սննդում պարզապես դժվար է պատկերացնել»: Հանձնաժողովը նյութեր է ուղարկել համապատասխան գերատեսչություններ` պարզելու արդյոք թույլատրելի՞ են նման սննդատեսակները մանկապարտեզի երեխաներին:
Ինչ վերաբերում է մսի պահածո պատվիրած մանկապարտեզին, ապա այն այս տարվա հուլիսի 1-ից տնօրինում է Մայր Աթոռ սուրբ Էջմիածինը:
Կարդացեք նաև
Aravot.am-ի հետ զրույցում քրիստոնեական դաստիրակության կենտրոնի տնօրեն Վարդան աբեղա Նավասարդյանը վստահեցրեց, որ իրենք էլ մանկապարտեզի սննդակարգում եւ սննդի հաշվետվություններում բազմաթիվ խախտումներ են հայտնաբերել եւ առաջիկա օրերին մանկապարտեզի տնօրենի փոփոխություն կլինի. «Որի արդյունքում մանկապարտեզը լրիվ նոր որակի վրա կդրվի, որովհետեւ մեզ ոչ սննդի որակն է բավարարել, ոչ կրթական»:
Ըստ Վարդան աբեղա Նավասարդյանի, այս մանկապարտեզում նոր չափորոշիչներով նոր սննդակարգ կլինի. «Այդ մանկապարտեզը մինչ այս գործել է առանց նախահաշվի, աշխատում ենք, որպեսզի գումարն ու օրական կալորիաներն կատարելապես համընկեն»:
Նշենք, որ հանձնաժողովի բացահայտած խախտումները` մանկապարտեզներին կարագի փոխարեն սփրեդ մատակարարելը, վերաբերում են 2011 թվականին:
Aravot.am-ի հետ զրույցում Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը վստահեցրեց, որ ՏՄՊՊՀ-ի մատնանշած խախտումները եղել են 1.5-2 տարի առաջ, իսկ այսօր սննդակարգերում ոչ մի խախտում չեն հայտնաբերել. «Սփրեդը տարածված է եղել մայրաքաղաքում 1.5 -2 տարի առաջ: Ես շատ սրտնեղած եմ, որ այնպիսի հայտարարություններ եղան, կարծես հենց նոր է եղել: Մեկ տարուց ավելի է մենք հետեւողական ենք, բացառում եմ, որ այս ընթացքում որեւէ մանկապարտեզում սփրեդի բացահայտում լինի»:
Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն այսօր հայտարարեց, որ խախտումներն օրենսդրական բացթողում է` մանկապարտեզներում սննդի կազմակերպումը թերի է. այդ կարգում հստակ նշված չէ թե երեխաների համար, որն է թույլատրելի եւ արգելված սննդամթերքը:
Տիկին Սողոմոնյանի խոսքերով`մի շարք գերատեսչությունների եւ ռուսաստանյան մասնագետների հետ քննարկման արդյունքում այսօր երեխաների սննդատեսակների օրինակելի ցանկ են ընդունել, որն անխտիր կիրառվում է մայրաքաղաքի մանկապարտեզներում. «Կիսում եմ Շաբոյանի միտքը. գնում էինք տեսնում ամռան ամիսներին մանկապարտեզում անընդհատ ոսպ էին տալիս, կամ ետճաշկին ձվածեղ էին տալիս, բայց սա 2 տարի առաջ էր»:
Տիկին Սողոմոնյանի խոսքերով` ռուսաստանյան գործընկերների նորմատիվներում էլ, որոնք մեզ համար էլ հիմք են հանդիսացել, ոչ մի տեղ գրված չի եղել, որ մսի պահածոն արգելված է. «Իսկ բաստուրման բացառվում է, մեզ մոտ չկա նման բան»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ