Լրահոս
Օրվա լրահոսը

Սաշիկ Սարգսյանի որդու՝ ընկերուհուն նվիրած $30 հազարանոց ծաղկեփնջի ծագումնաբանությունը Նիկոլ Փաշինյանը կփորձի պարզել

Սեպտեմբեր 24,2012 19:34

PanArmenian Photo

«Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկը, որ մի քանի տարում Բալահովիտ-Երեւան գծի ՊԱԶ-ի վարորդից վերածվեց միլիոնատերի, պետք է հանրությանը հաշիվ տա իր ունեցածի համար, պետք է բացատրի, թե այդ ինչ գումարներով է իր որդին 30 հազար դոլարանոց ծաղկեփունջ նվիրում ընկերուհուն»,- մայիսի 3-ի հանրահավաքին այն ժամանակ թիվ 7 ընտրատարածքում առաջադրված ՀԱԿ թեկնածու Նիկոլ Փաշինյանը այսպիսի խոստում էր տվել:

Այսօր Aravot.am-ը ՀԱԿ պատգամավորից հետաքրքրվեց՝ դեռ ոչինչ չե՞ք պարզել, թե այդ ի՞նչ գումարներով էր Սաշիկ Սարգսյանի տղան այդքան շքեղ ծաղկեփունջ գնել իր ընկերուհու համար: Պարոն Փաշինյանը գտավ այն ժամանակվա իր ելույթը եւ հաստատեց, որ խոստացել է  բացահայտել Սաշիկ Սարգսյանի միլիոնների ծագումնաբանությունը, բայց մինչ այդ ՀԱԿ-ը պետք է մեծամասնություն ստանար եւ կազմեր կառավարություն, որ իրականացներ այդ գործողությունները. «Իհարկե, Սաշիկ Սարգսյանը շարունակում է մնալ մեր հետաքրքրությունների կենտրոնում, եւ, բնականաբար, այն հնարավորությունները, որ մենք այս պահին ունենք, այդ հնարավորությունների սահմաններում, շրջանակներում մենք շարունակում ենք հետամուտ լինել: Ըստ էության, այդ օրվա  ելույթում հնչել է բաց առաջարկ: Եթե Սաշիկ Սարգսյանը այդ ամեն ինչը ազնիվ ճանապարհով վաստակած լիներ, պետք է որ հիմա  շտապեր ընդդիմության կոչին արձագանքել եւ այս 4 ամսվա ընթացքում  պետք է բոլորս արդեն իմանայինք այդ ծաղիկի եւ մնացած ամեն ինչի ծագումնաբանությունը: Բայց մենք չգիտենք այդ ծագումնաբանությունը: Նշանակում է՝ հանրությունը պետք է գտնի ավելի գործուն միջոցներ՝ այդ տեղեկատվությունը ստանալու համար: Ցավոք, մասնավոր անձինք պարտավոր չեն պատասխանել պատգամավորների հարցերին, հակառակ դեպքում ես հարցում կուղարկեի Սաշիկ Սարգսյանին՝ պատասխան ստանալու ակնկալիքով:

Հիմա Սաշիկ Սարգսյանը պատգամավոր չէ ԱԺ-ում, բայց դա խոչընդոտ չէ, եւ Սաշիկ Սարգսյանը շարունակում է մնալ մեր հետաքրքրքությունների շրջանակում: Ոչ միայն նա: Բոլոր օլիգարխների մասին է խոսքը: Ի վերջո, հանկարծ չստացվի, թե անձնական վերաբերմունքի խնդիր կա ինչ-որ: Բացարձակապես: Այսօր մեր երկիրն այն վիճակում է, որ մենք պետք է հասկանանք, թե ինչու է մեր երկիրն այս վիճակում: Հասկանալու ճանապարհներից մեկն էլ հենց դա է, որ հասկանանք, թե  ինչքանով են մեր միլիոնատերերը, միլիարդատերերը օրինական ճանապարհով վաստակել իրենց միլիարդները»:

Պարոն Փաշինյանն այդ ծաղկեփունջի պատմությունից հիշեց նաեւ, թե Կոնգրեսի նախընտրական քարոզարշավի ժամանակ ինչ առաջարկությամբ է հանդես եկել. « Ես հիշում եմ նաեւ, որ իշխանությանն  եմ առաջարկել ձեռնարկ հրապարակել, թե ինչպես կարելի է 5  տարվա ընթացքում ՊԱԶ-ի վարորդից դառնալ միլիոնատեր»: Մեր դիտարկմանը, որ այդ առաջարկին կարծես թե իշխանությունները չեն արձագանքում՝ պարոն Փաշինյանը պատասխանեց. «Պետք է գրախանութներում նայել: Եթե չկա, ուրեմն չեն արձագանքել»:

Նիկոլ Փաշինյանը նաեւ նշեց, որ ՀԱԿ-ի գործունեության կարեւորագույն արդյունքներից մեկը պետք է լինի կոռուպցիայի դեմ պայքարը: Խորհրդարանում մի քանի նախաձեռնություններ կան, «Ժառանգությւոնն» ունի նախաձեռնություն՝ հակակոռուպցիոն հանձնաժողով ստեղծելու մասին: Մեր հարցին՝ կո՞ղմ եք դրան՝ պարոն Փաշինյանը պատասխանեց. «Հիմա քննարկումների փուլ է, այս պահին կոնգրեսի խմբակցությունը վերջնական եզրակացություն չունի: Գաղափարը շատ հետաքրքիր է, պետք է անդրադառնանք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930