Լրահոս
Օրվա լրահոսը

«Որեւէ կուսակցություն, որը մեծամասնություն ունի ԱԺ-ում, նորմալ է, որ տեղերում էլ ունենա»

Սեպտեմբեր 24,2012 18:50

«Այս ընտրություններն էականորեն տարբերվում են նախորդներից: Նախ՝ տեխնիկապես լավ էին կազմակերպված: Նաեւ որակապես բավականին դրական տեղաշարժ կար՝ սկսած ընտրացուցակներից, հանձնաժողովի անդամների աշխատանքից, հանդարտ ընտրական գործընթացից եւ այլն: Երկրորդ դրական առանձնահատկությունն այն էր, որ կուսակցություններն ավելի ակտիվ էին»,- սրանք «Հայաստանի համայնքների ասոցիացիայի» նախագահ Էմին Երիցյանի գնահատականներն են սեպտեմբեր ամսվա ընթացքում Հայաստանում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին:

Մեր զրուցակիցը չի կիսում այն դիտարկումը, որ տեղական կառավարման համակարգում կուսակցականությունը խնդիրներ կարող է առաջացնել: Ընդհակառակը, նա դրական է համարում այս ընտրություններում կուսակցությունների ակտիվությունը ու դա բացատրում է նրանով, որ նոր օրենսդրությամբ, կուսակցությունները տեղական ինքնակառավարման մարմիններում թեկնածուներ առաջադրելու իրավունք ունեն. «1996 թվականից սկսած Հայաստանում գործել է միայն ինքնաառաջադրման սկզբունքը ու տեղական մակարդակում, ընտրության շարժառիթը միշտ եղել է այս կամ այն անձին ընտրելը՝ անկախ կուսակցական պատկանելությունից: Կուսակցությունները պասիվ էին»:

Հաջորդ դիտարկմանը, որ արդյունքում իշխող կուսակցությունը՝ ՀՀԿ-ն, գերիշխող դիրք է զբաղեցրել նաեւ այդ ոլորտում, Էմին Երիցյանը հակադարձեց. «Չեմ կարծում, որ ՀՀԿ-ականները այդքան շատ են, որ դոմինանտության էլեմենտ լինի, անկուսակցականներն էլ բավականին շատ են եւ ոչ միայն համայնքի ղեկավարներ անկուսակցականները, այլ նաեւ ավագանու անդամները: Ինչեւէ, մինչեւ հիմա որեւէ երկրում, նաեւ Հայաստանի 16 տարվա տեղական ինքնակառավարման պատմության մեջ, խնդիր չի ծագել, եթե որեւէ մեկը ինչ-որ կուսակցության է պատկանում: Անկախ համայնքի ղեկավարի կուսակցական պատկանելությունից, նա կենտրոնական իշխանության հետ հարաբերվում է զուտ օրենսդրության՝ ՏԻՄ-երի իրավասությունների շրջանակներում: Հատկապես գյուղական համայնքներում, միշտ ունեցել ենք շատ ընդդիմադիր ղեկավարներ՝ եւ ՀՀՇ-ական, եւ կոմունիստ, բայց իրենց գործունեության ընթացքում նրանք որեւէ խնդիր չեն ունեցել: Այս ընտրությունների առաջնային փուլում կարծեմ 16 դաշնակցական համայնքի ղեկավարներ ընտրվեցին, որոնց մի մասը վերընտրվել է եւ որոնք երբեէ խնդիր չեն ունեցել: Մեր կազմակերպության ներսում էլ նման խնդիր միմյանց հետ չեն ունեցել համայնքների ղեկավարները»:

Ըստ մեր զրուցակցի, տեղական իշխանության համար կուսակցականությունը պետք է ընդունել որպես սովորական երեւույթ եւ նորմալ է, որ որեւէ կուսակցություն, որը մեծամասնություն ունի պառլամենտում, տեղերում էլ ունենա: Նրա կարծիքով ՏԻՄ-երում կուսակցականության երեւույթը սկսեց խորանալ Երեւանի ավագանու ընտրություններից հետո, որտեղ ներդրվեց կուսակցականության մոդելը ու տրամաբանությունը տանում է նրան, որ առաջիկայում ինչ-ինչ ռեֆորմներ կիրականացվեն, որպեսզի գոնե խոշոր համայնքներում ավագանու կազմերը կուսակցական սկզբունքով ընտրվեն:

Aravot. am-ի հարցին՝ այդպիսով, համայնքների ղեկավարները, ովքեր տեղերում ընտրությունների կազմակերպիչներն են, համապետական ընտրություններում չեն կարող անկողմնակալ լինել, Էմին Երիցյանը զարմացավ. «Իրենք պետք է անկողմնակա՞լ լինեն: Իրենք հրապարակային քաղաքական գործիչներ են ու ցանկացած ընտրության ժամանակ իրավունք ունեն եւ ազատ են քաղաքական կողմնորոշում դրսեւորելու: Այդտեղ որեւէ բացասական երեւույթ չկա, մենք մի քիչ պետք է հաղթահարենք սովետական մտածողությունը: Եվրախորհրդի դիտորդներն էլ են կոչ անում, որ կուսակցություններն ակտիվ մասնակցեն: Դա այն ոլորտն է, որտեղ կուսակցությունները դրսեւորվելու իրավունք ունեն եւ որեւէ մեկը, որեւէ սահմանափակում չունի»:

Իսկ ընդդիմության պասիվությունն այս ընտրություններում, մեր զրուցակիցը բացատրում է մարդկային ռեսուրսի պակասով, քանի որ կուսակցական համակարգը մեր երկրում բավականին երիտասարդ է, շատ կուսակցություններ մարզերում անգամ կառույցներ չունեն:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930