Այսօր ժամը 15-ի սահմաններում Կապանի ծայրամասային Վաչագան թաղամասում մեկ հարկանի առանձնատան (տուն 88) տանիքում հրդեհ էր բռկվել, որի ծուխը տեսանելի էր նաեւ Կապան քաղաքի որոշ թաղամասերից: Հրդեհի արդյունքում այրվել է Թելման Թադեւոսյանին պատկանող առանձնատան տանիքը` 92 ք.մ տարածքով, ամբողջությամբ այրվել է նաեւ տանիքում պահեստավորված 200 տուկ խոտը:
Ինչպես տեղեկացանք Սյունիքի մարզային փրկարարական վարչությունից, որտեղ հրդեհի մասին ահազանգ ստացվել է 15:20 րոպեին, հրդեհն արդեն մեկուսացվել է եւ մարվել, իսկ տանն այլեւս վտանգ չի սպառնում:
Վաչագանի բնակիչ Տիգրանն ասում է, որ բռնկված հրդեհն իրենց հարեւանի տան տանիքում էր, կրակը տեսնելով` բոլոր գյուղացիներով դույլերով ջուր էին բերում եւ հրշեջ ծառայության աշխատակիցների հետ միասին հանգցնում կրակը: Տիգրանի պատմելով` տվյալ տանը տարեց ամուսիններ են մնում, այդ պահին տանը միայն կինն է եղել, ով հավաստիացնում է, որ կրակի հետ ոչ մի գործ չէր անում եւ տեղյակ չէ, թե ինչպես է բռնկվել հրդեհը: «Ամուսինը մեկ ժամ առաջ այգի էր գնացել, էշը խոտ բարձած մեկ ժամ հետո վերադարձել է, տեսել է տան տանիքն այրվում է: Տանը բան չի եղել, հարեւան տներն էլ չեն կրակից տուժել, մենակ էդ տան ամբողջ կրիշան ու խոտն ա վառվել», – ասում է Տիգրանը:
Հրդեհի արդյունքում տուժածներ չկան, իսկ կրակի բռնկման պատճառները դեռ ճշտվում են:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ