Արդեն երկու օր է, ինչ Լոռիում չոր խոտածածկերի հրդեհներ են գրանցվում:
Սեպտեմբերի 23-ին մարզի Մեծ Պառնի գյուղի հարակից սարերում բռնկված հրդեհի հետեւանքով այրվել է 10-15 հեկտար խոտածածկ տարածք:
Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց Լոռու մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ, փոխգնդապետ Արթուր Չատինյանը, խոտածածկ տարածքից զատ այրվել են նաեւ նոր տնկված ծառեր. «Եղել են տնկիներ, եղեւնի եւ այլ ծառեր»:
Կարդացեք նաև
Սարերում բռնկված հրդեհը Մեծ Պառնիի հարակից տարածքից տարածվել է մինչեւ Հարթագյուղ ու Ծաղկաբեր:
Իսկ այսօր խոտածածկ տարածքների այրման դեպք է գրանցվել Դարպաս գյուղի հարակից սարերում: Հրդեհի հետեւանքով այրվել է 3 հեկտար խոտածածկ տարածք:
Բռնկված հրդեհները մարվել են:
Գուգարքի անտառտնտեսության տվյալներով մասնագիտական խմբերը հրդեհի բռնկման վայրերում տեղազննում են կատարում:
«Խոտածածկ տարածքների այրման պատճառների մանրամասները կամփոփվեն ավելի ուշ»,-տեղեկացնում են Գուգարքի անտառտնտեսությունից:
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ