Վաղը մայրաքաղաքի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի, Աշտարակի եւ Աբովյանի քաղաքային մարզադաշտերում մեկնարկում է ֆուտբոլի «Հայաստանի վարչապետի գավաթ 2012» ավանդական մրցաշարը: Նախնական փուլում հանդես կգան պետական կառավարման մարմինների 14 թիմեր, որոնք երկու ենթախմբերում ի հայտ կբերեն երկուական լավագույններին: Նրանք էլ արդեն եզրափակիչ փուլում կորոշեն հաղթողին (վճռորոշ հանդիպումը նախնական նշանակված է նոյեմբերի 2-ին` Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում) ու մրցանակակիրներին: Կազմկոմիտեի նախագահ, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը «Առավոտի» հետ զրույցում կարեւորելով մրցաշարը նշեց. «Այս մրցաշարն իր տեսակի մեջ եզակի է, քանի որ այն անցկացվում է բացառապես պետական կառավարման մարմինների միջեւ եւ նպատակ ունի պետական կառավարման մարմինների աշխատակիցների շրջանում անընդհատ ակտիվացնել մասսայական սպորտը, առողջ ապրելակերպը հենց ամենասիրված մարզաձեւի` ֆուտբոլի միջոցով»: Փոխնախարարի խոսքերով, թեեւ այս տարի հայտավորված թիմերի քանակը չի ավելացել, սակայն տարեցտարի որակապես եւ պատրաստվածության առումով աճում է մասնակից թիմերի խաղամակարդակը, քանի որ նրանք դեռ ձմեռվանից կանոնավոր մարզվում են` նախապատրաստվելով մրցաշարին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ