Այսօր Ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը ԱԺ-ում ներկայացրեց 2011-ի պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվությունները՝ ԱԱԾ-ի, ոստիկանության եւ արտակարգ իրավիճակների ոլորտների մասով:
Կորյուն Նահապետյանը հետաքրքրվեց, թե այս բնագավառներում բյուջետային քաղաքականության առումով հիմնախնդիրներ չկա՞ն: Պարոն Ջանջուղազյանը պատասխանեց. «Տարօրինակ կլիներ, եթե ասեի, որ խնդիրներ չկան: Ուղղակի ես ներկայացրեցի թվային տվյալները»: Կորյուն Նահապետյանը նաեւ խնդրեց գնահատել արտաբյուջետային միջոցների օգտագործման արդյունավետությունը, թե որքանով են արդյունավետ ծախսել հաշվետու տարվա ընթացքում այդ միջոցները: Ըստ պարոն Ջանջուղազյանի, պետք է քննարկել ընդհանրապես բյուջետային միջոցների արդյունավետությունը. «Բացի այս թվային ցուցանիշներից, հաշվետվությունը նաեւ պարունակում է տեղեկություններ՝ ոչ ֆինանսական արդյունքների վերաբերյալ: Մենք երկու տեղ՝ վերլուծական մասում եւ ոչ ֆինանսական ցուցանիշների կատարողականը ներկայացնելով՝ կարող ենք գնահատել, թե որքանով են այդ միջոցներն արդյունավետ ծախսվել»:
Արտակարգ իրավիճակների փոխնախարար Հայկարամ Մխիթարյանը ներկայացրեց, թե ինչպես են իրենք ծախսել բյուջեից հատկացված միջոցները: Փրկարար ծառայության համակարգին հատկացվել է 3 մլրդ 852 մլն, գրեթե այդքան էլ ծախսվել է՝ կատարողականը կազմել է 99.9 տոկոս. «Ֆինանսավորման 87 տոկոսը գնում է միայն փրկարարների աշխատավարձին: Հիդրոօդերեւութաբանական ծառայությունը ֆինանսավորվում է 533 մլն 640 հազար: Կատարողականը այստեղ 100 տոկոս է: Այստեղ ֆինանսավորման 90 տոկոսը աշխատավարձերն են կազմում» Հակակարկտային կայանների համար հատկացվել է 279 մլն դրամ: Նա նաեւ նշեց, որ արտակարգ իրավիճակների ոլորտում խնդիրներ կան՝ վառելիքի, հագուստի հետ կապված. «Վերջին 6-7 տարիների ընթացքում վառելանյութի, հագուստի հետ կապված նույն գումարն է հատկացվում, բայց մենք գիտենք, թե այս տարիներին որքան թանկացումներ են եղել»:
Կարդացեք նաև
Փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը նշեց, որ այդ ոլորտում հիմնականում հատկացումները 2010-ի համեմատությամբ պահպանվել են. «Պահուստային ֆոնդից հատկացվել է 40.8 մլն դրամ: Դրանք ընտրությունների ժամանակ գիտեք, որ համաձայն Ընտրական օրենսգրքի, ոստիկանությունն իրազեկման աշխատանքներ է կատարում: Դրանով պայմանավորված՝ նաեւ պահուստային ֆոնդից հատկացումներ են լինում: Ընդհանոր առմամբ ոստիկանությանը հաշվետու տարում հատկացվել եւ իրացվել է 24.6 մլրդ դրամ» : Հատկացումների հիմնական մասն ուղղվել է հասարակական կարգի պահպանությանը:
Կորյուն Նահապետյանը հետաքրքրվեց՝ Ճանապարհային ոստիկանության կողմից արձանագրած գանձումների ինչպիսի՞ շարժ ունենք՝ 2010-ի համեմատ: Նա նաեւ հարցրեց, թե ինչո՞վ է պայմանավորված հաշվետու տարում այդքան ցածր կատարողականը՝ 73.2 տոկոս: Պարոն Օսիկյանը պատասխանեց, որ եթե վերցնենք բյուջետային հատկացումների մասով, ապա մենք նույնպես կարող ենք ասել, որ 100 տոկոսով ենք կատարել, քանզի մենք ունեցել ենք մնացորդ, որը ամբողջությամբ տեղափոխվել է 2011 թվական: Այդ առումով չի նկարելի այստեղ համարել թերկատարում: Ինչ վերաբերում է տուգանքներին՝ 2010-ին կատարվել է 4.89 մլրդ դրամ, իսկ 2011-ի կատարողական ցուցանիշը եղել է 4.98 մլրդ դրամ: Ավելի է հավաքվել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ