Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հարսնաքարի» գործով ամբաստանյալը դատարանում ունեցավ իր պաշտպանը

Սեպտեմբեր 24,2012 16:26

 

Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում սպանված ռազմական բժիշկ Վահե Ավետյանի գործով դատական քննությունը: Անցած դատական նիստը հետաձգվել էր ռեստորանի անվտանգության աշխատակից Արման Խաչատրյանի պաշտպան չունենալու հետ կապված: Այսօր դատարան էր ներկայացել ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Ավագ Լալայանը: Դատարանից վերջինս խնդրեց 7 օր ժամանակ՝ գործի նյութերին ծանոթանալու համար, քանի որ ըստ նրա հայտարարության, ինքը կարողացել է ծանոթանալ իր պաշտպանյալի մոտ եղած գործի նյութերին եւ հայտնի չէ, թե ինչ կարգի նյութեր են գտնվում դատարանում:

Ի դեպ, դատավորը տեղեկացրեց, որ գործը բաղկացած է 3 հատորից, առաջինը՝ 303 էջից բաղկացած, երկրորդը՝ 311, իսկ երրորդը՝ 429 թերթից:

Դատարանը հետաձգեց դատական նիստը եւ նշանակեց հոկտեմբերի 3-ին:

Դատարան չէին ներկայացել տուժողներ Արտակ Բայադյանը, Գարիկ Սողոմոնյանը, Արկադի Աղաջանյանը, Էդգար Նիկոյանը եւ Վահեի հայրը՝ Գառնիկ Ավետյանը: Նրանց ներկայացուցիչները դատարանին տեղեկացրին, որ տուժողների իրավահաջորդների իրավունքները կպաշտպանվեն իրենց միջոցով եւ որ իրենք դատարան կներկայանան միայն ցուցմունքներ տալու ժամանակ: Սակայն դատախազը՝ ՀՀ գլխավոր դատախազության մարդու իրավունքների դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Արտո Դավթյանը, ասաց, որ չի կարող առանց տուժողների մասնակցության ապացույցների հետազոտման կարգ սահմանել, ուստի անհրաժեշտ համարեց հաջորդ նիստում նրանց ներկայությունը:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը դիմեց դատարանին՝ հրավիրելով դատարանի ուշադրությունը այն հանգամանքին, որ լրագրողների աշխատանքը խոչընդոտվում է աշխատանքային պայմանների հետ կապված, քանի որ քաղաքացիական հագուստով ոստիկաններ են առաջին շարքում: Դատավորը փորձեց արդարանալ, ասելով, որ չի կարող վերահսկել կոնկրետ դատարանի մուտքն ու ելքը, իր իրավասության մեջ չի մտնում իմանալ, թե ովքեր են ոստիկան, ովքեր՝ ոչ եւ տեղեկություններ չունի, թե աշխատանքի բերում են այնտեղ գտնվում, թե՝ ոչ:

Անսպասելի հայտարարություն փորձեց անել «Հարսնաքարի» մատուցող Դավիթ Ադամյանի պաշտպանը՝ Մարինա Թովմասյանը: Նա հորդորեց «ՀԺ» օրաթերթի մեր գործընկերներին՝ լուսաբանել դատական գործընթացը եւ ոչ թե հայտարարություններ անել իր պաշտպանյալի վերաբերյալ:

Դատական նիստին մասնակցում էին քաղաքական գործիչներ Րաֆֆի Հովհաննիսյանն ու Արամ Կարապետյանը:

Իսկ մուտքը «պահպանում» էր իր պարզած կարգախոսներով Վարդգես Գասպարին: «Վահե Ավետյան» նախաձեռնող խմբի անդամները հիմնականում գտնվում էին նիստերի դահլիճում:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930