ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի և կրթության նախարար Շտեֆան Դորգերլոհի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ-ում ԳԴՀ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելին և Վիթենբերգի քաղաքապետ Էկհարդ Նաումանը:
Ողջունելով հյուրերին` նախարարը նշել է, որ Սաքսոնիա-Անհալթ երկրամասն իր առաջատար դերն է պահպանել երկու երկրների միջև կրթության և մշակույթի ոլորտում հարաբերությունների զարգացման գործում և հույս հայտնել, որ պատվիրակության այցը հերթական էջը կբացի այդ փոխգործակցության: “Ուրախ եմ, որ Գերմանիա կատարած այցի ընթացքում պատիվ եմ ունեցել ներկա գտնվել Սաքսոնիա-Անհալթ երկրամասի կրթության և մշակույթի ներկայացուցչությունում և տպավորված եմ այնտեղի ավանդույթներով: Հատուկ ցանկանում եմ շեշտել Հալեի համալսարանում գործող “Մաշտոց” կենտրոնի գործունեությունը, որը փաստում է, որ երկրամասում հայերի նկատմամբ վերաբերմունքն ունի ոչ միայն ընդհանրական, այլ գիտական մեծ հետաքրքրություն”,-դիմելով պատվիրակության անդամներին` նշել է Արմեն Աշոտյանը և հավելել, որ աշակերտների փոխանակման ծրագրերով Հայաստանում գտնվող գերմանացի դպրոցականները տպավորված են հայ աշակերտների ջերմ ընդունելությունից և բազմաթիվ ընկերներ են ձեռք բերել` նշելով, որ նմանատիպ կապերն առավել խորն են, քան միջգերատեսչական: Նախարարը նաև տեղեկացրել է, որ վերջերս Երևանում բացվել է Գյոթեի ինստիտուտի գերմաներեն լեզվի ուսուցման կենտրոնը, որը, ըստ Արմեն Աշոտյանի, վաղուց սպասված իրադարձություն էր և միաժամանակ հույս հայտնել, որ այն առաջին քայլն է` Գյոթեի համալսարանի լիարժեք մասնաճյուղ բացելու ճանապարհին: Նախարարը նաև առաջարկել է Գերմանիայի կառավարությանը` Հայաստանում գերմաներենի խորացված ուսուցմամբ ավագ դպրոց հիմնել, որը, ըստ Արմեն Աշոտյանի, նոր որակի կբարձրացնի հայ-գերմանական հարաբերությունները:
Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի և կրթության նախարար Շտեֆան Դորգերլոհը, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, իր հերթին նշել է, որ որ 2005 թվականից սկիզբ առած հարաբերություններն օրեցեօր ավելի ու ավելի են զարգանում` մատնանշելով հատկապես “Մաշտոց” կենտրոնի գործունեությունը. “”Մաշտոց” կենտրոնը` որպես փոքրիկ ծաղիկ, երկու երկրների հարաբերություններում ունի մեծ կարևորություն, և այն մշտապես պետք է լինի հոգտարության և ուշադրության կենտրոնում: Նշված կենտրոնի շրջանակում իրականացվել են բազմաթիվ ծրագրեր, մասնավորապես, Քրիստոնեության ընդունման 1700-ամյակին նվիրված միջոցառումներ, համատեղ համաժողով` նվիրված հայ գրատպության 500-ամյակին, տարբեր ցուցադրություններ: Նշված փաստերը ցույց են տալիս, որ հայկական մշակույթի նկատմամբ մեծ հետաքրություն կա, որն էլ իր հերթին հուշում է, որ պետք է խորացնել առկա փոխգործակցությունը”,-նշել է նախարարը` հավելելով, որ դպրոցականների փոխանակման ծրագրերը նպաստում են ոչ միայն դպրոցականների միջև սերտ կապերի ամրապնդմանը, այլ նշված գործընթացին հաճախ միանում են նաև ընտանիքներ, համայնքներ, քաղաքներ: Շտեֆան Դորգերլոհը կարևորել է նաև հայ ուսուցիչների գործունեությունը, որոնց ջանքերը, ըստ նախարարի, նպաստում են գերմաներեն լեզվի դիպլոմ ստանալու` հայ աշակերտների ջանքերին և հույս հայտնել, որ ապագայում ևս մեկ երևանյան դպրոց կընդգրկվի հայ-գերմանական համատեղ ծրագրերում:
Հանդիպման ընթացքում նախարար Արմեն Աշոտյանը նաև տեղեկացրել է, որ Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ մի շարք գործընկերների հետ մշակվել է գաղափար` եվրոպական դպրոցական ծրագրերում Հայոց ցեղասպանության վերաբերյալ դասընթացներ ներառելու ուղղությամբ: “Նշված գործընթացի նպատակն է Եվրոպայի երիտասարդ սերնդին պատմել 20-րդ դարի մեծագույն ոճիրներից մեկի մասին և կանխարգելել ու բացառել հետագայում նման հանցագործությունների կրկնությունը: Որոշ եվրոպական երկրներ արդեն իսկ ցեղասպանության մասին նյութերը ներառել են հանրակրթական ծրագրերում: Հաշվի առնելով, որ տարիներ առաջ Գերմանիայի Բունդեստագը տվել է իր քաղաքական գնահատականը նշված իրադարձությունների շուրջ` կարծում եմ` հարկ է երկրի քաղաքական դիրքորոշումը փոխանցել նաև երիտասարդ սերնդին”,-նշել է Արմեն Աշոտյանը: Շտեֆան Դորգերլոհը, դրական գնահատելով նշված նախաձեռնությունը, նշել է, որ հարևան Բրանդենբուրգի երկրամասում արդեն օժանդակ ուսումնական նյութեր են պատրաստվել, որտեղ մարդկության դեմ նմանատիպ այլ ոճիրների շարքում հանգամանալից ներկայացված է նաև Հայոց ցեղասպանությունը` նշելով, որ նշված քայլերը ոչ միայն հիշեցնում են ապագա սերունդներին վերոնշյալ ոճրագործությունների մասին, այլ նաև նպաստում են ժողովուրդների երկխոսությանը և հաշտեցմանը` որպես օրինակ բերելով գերմանաֆրանսիական հաշտեցման պայմանագիրը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Հայաստանի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթ երկրամասի միջև գիտության, կրթության և մշակույթի բնագավառներում 2005 թվականից գործող պայմանագիրն ավելի արդիական դարձնելու և դրա դրույթները խորացնելու հետ կապված հարցերին:
ՀՀ կրթության և գիտության նախարարություն