Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի մասնագետները միջազգային գիտական ամսագրերում տպագրել են 217 հոդված

Սեպտեմբեր 24,2012 15:56

Ինչպես հաղորդել էինք, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում այսօր տեղի ունեցավ Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) ներքո ձևավորված Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամին (ԳԿՀԱՀ` ANSEF) նվիրված միջազգային ֆորում:

Խոսելով ԳԿՀԱՀ-ի դրամաշնորհներին արժանանալու գիտական ծրագրերից, Տորոնտոյի համալսարանի ներկայացուցիչ, կենսաֆիզիկոս Տիգրան Չալիկյանն ասաց, որ գիտնականների դիմումները պետք է լինեն դիպուկ, իրականանալի եւ գիտական պահանջներին համապատասխան. «Վերջին տարիներին բարելավվել են գիտության որակական չափանիշները, ինչի մասին վկայում են միջազգային հեղինակավոր գիտական ամսագրերում հայ գիտնականների տպագրած հետազոտությունները եւ գիտության ֆինանսավորման ավելացումը կառավարության կողմից: Սակայն միջազգային ամսագրերի խմբագիրների եւ փորձագետների համար հաճախ խնդիրներ են առաջանում. հայ գիտնականները երբեմն իրենց հետազոտություններում  հղումներ են անում ռուսական աղբյուրներին, որոնք անգլերեն լեզվով հասանելի չեն Արեւմուտքում: Հետեւաբար, փորձագետների մոտ կասկած է առաջանում` հետազոտությունների հավաստի լինելու մասով»:

Երիտասարդ գիտնականների վերաբերյալ Չալիկյանը կարծիք հայտնեց, որ նրանք մեր երկրի ապագան են. «Հայ գիտության ճակատագիրը նրանց ձեռքերում է: Ուժեղ գիտություն ունենալը հաջողված պետության հատկանիշն է»:

Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, ԳԿՀԱՀ գլխավոր հետազոտող  Արամ Պապոյանը ներկայացրեց ԳԿՀԱՀ-ի տրամադրած դրամաշնորհների շրջանակում ինստիտուտի կատարած աշխատանքները. «Հետազոտությունները վերաբերել են լազերային ֆիզիկային, նյութագիտությանը, մասնավորապես` նյութի ռադիացիայի եւ կարծր մարմինների լազերային նյութերի սխեմաների ուսումնասիրությանը, ինչպես նաեւ` լազերային բյուրեղների աճին»: Պապոյանը հավելեց, որ 2006-2011թթ. Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի մասնագետները միջազգային գիտական ամսագրերում տպագրել են 217 հոդված:

Զեկույցով հանդես եկավ նաեւ Հայկական վիտուալ աստղադիտարանի տնօրեն, Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող, ԳԿՀԱՀ քառակի մրցանակակիր Արեգ Միքայելյանը: Նա նշեց, որ ԳԿՀԱՀ-ի տրամադրած դրամաշնորհների շրջանակում թվայնացվել են աստղագետ Բենիամին Մարգարյանի ուսումնասիրությունները. «Նրա հայտնաբերած գալակտիկաները հայտնի են աստղաֆիզիկայի աշխարհում եւ օգնել են լուծել ոլորտի մի շարք խնդիրներ: Թվայնացումից հետո տվյալները հասանելի են համացանցում: Մեր կատարած աշխատանքն առաջին թվայնացումն էր հայկական գիտության մեջ: Տարիներ առաջ, երբ չկային համապատասխան ֆինանսական միջոցներ, հիմնադրամի ծրագրով մեր գործընկերները տրամադրեցին սկավառակներ, սքաներ եւ այլ անհրաժեշտ սարքավորումներ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930