Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

21 օր հացադուլի մեջ գտնվող 75-ամյա կնոջը պետությունը չի օգնում

Սեպտեմբեր 24,2012 15:47

Այսօր 101-րդ օրն է, ինչ Գ. Նժդեհի ազգականուհի, 75-ամյա Էմմա Սահակյանը ՀՀ նախագահի նստավայրի դիմաց նստացույց է անում: Այսօր նաեւ նրա հացադուլի 21-րդ օրն էր. «Մեկ կոնֆետ անգամ բերանս չեմ դրել, եթե ես խախտեմ իմ որոշումը, ուրեմն ես պարտված եմ: Մինչեւ էս վերջին երկու օրը ինձ լավ էի զգում, բայց երկու օր է, վիճակս լավ չի, շտապօգնության աշխատողները գալիս են, ներարկումներ են անում»,-Aravot.am-ի հետ զրույցում պատմեց նա:

Իր քրոջ աղջկա` Սուսաննա Մարգարյանի խաբեությունների եւ մեքենայությունների արդյունքում, դեռ 2009 թ.-ին տիկին Էմման հայտնվել էր փողոցում: Նրա պնդմամբ, Ս. Մարգարյանը ոչ միայն կեղծ փաստաթղթերով տիրացել է բնակարանին եւ իրեն էլ գրանցումից հանել, այլեւ գողացել է իր ողջ ունեցվածքն ու փաստաթղթերը: 3 տարի ազգականների տանն ապրելուց եւ տարբեր մարմինների դիմելուց հետո տիկին Էմման որոշել է կտրուկ քայլերի դիմել:

Մի քանի օր առաջ անցորդներից մեկը` Արեւիկ Լալայանը, տեսնելով հացադուլավոր ծեր կնոջը, մոտեցել եւ լսել էր նրա պատմությանը. «Նա պատմեց ինչ է եղել, ես շատ զարմացա եւ ցավ ապրեցի, որ այս տարիքում այսպես անուշադրության է մատնված այս կինը: Ճիշտ է, ինձ պես ուրիշ անցորդներ էլ մոտենում են, բայց ինչ-որ իրեղեն օգնություն չկա: Իր քրոջ աղջիկը իրավաբանորեն բավականին «պրոֆեսիոնալ» է աշխատել, եւ հարցի իրավաբանական կողմը կաղում է, բայց կա նաեւ խնդրի բարոյական կողմը: Որոշակի անձինք եւ մարմիններ պետք է ՀՀ քաղաքացուն սատարեն, չի կարելի էսպես անտեր թողնել 75-ամյա կնոջը: ՖԲ-ում «event» սարքեցի եւ շատ մարդկանց ու կազմակերպությունների ուղարկեցի»:

Արեւ Լալայանն ասում է, որ իր հույսը ոչ թե կառավարությունն է, այլ մարդիկ, որոնց սրտացավ վերաբերմունքի եւ հոգատարության կարիքն ունի տիկին Էմման: Սակայն ակցիային եկել էին ընդամենը 10 երիտասարդներ: Ա. Լալայանն ասաց, որ հրավերը 1000-ից ավելի մարդկանց է ուղարկվել, շատ ցավում է, որ մարդիկ չեն ուզում թաթախվել որոշակի խնդիրներին մեջ:

Տիկին Էմման պատմեց, որ անցորդները հաճախ են մոտենում, զրուցում իր հետ: Երեկ էլ մի փոքրիկ երեխա անցնելիս մորն ասել է` մամ, էն տատիկը դեռ նստած է: Այժմ նա ակնկալում է, որ նոր քննություն սկսվի. «Ես մի քանի նամակ գրել եմ, խնդրել եմ, որ քննություն սկսվի, ես արդեն ամեն ինչ կապացուցեմ: Ի դեպ, ես միշտ ասել եմ, որ կարեւոր չէ, թե ում քրոջ երեխան եմ, ես Նժդեհի անունը չեմ շահարկում»:

Ակցիայի մասնակիցներից Աշոտն էլ նշեց, որ ինքը, լինելով շատ ավելի երիտասարդ, առողջ, չէր կարողանա այդքան երկար քաղցած մնալ. «Այսքան պայքարում է, պետք է իր կողքին լինել, հիմա որ 10 հոգի է եկել, շատ վատ է, որ մարդիկ թքած ունեն ուրիշների խնդիրների վրա»:

Ակցիայի ընթացքում երիտասարդները քննարկեցին, թե ինչպես կարելի է օգնել Է. Սահակյանին եւ եկան այն եզրահանգման, որ պետք է գոնե տուն գտնեն եւ վարձակալեն` կանխելով տիկին Էմմայի առողջության էլ ավելի վատացումը: «Կարելի է ինչ-որ գումար հավաքել կամ բանկային հաշվեհամար բացել, որ գոնե տան հարցը լուծվի: Մենք կփորձենք նախ ինքներս, ապա նաեւ այլ միջոցներով գումար հավաքել: Բայց դեռ տիկին Էմմային պետք է համոզենք, որ հեռանա այստեղից: Նա ուզում է մինչեւ մահ շարունակել իր հացադուլ-նստացույցը, բայց մենք հասկանում ենք, որ ոչ մի արձագանք չկա, գոնե իր կյանքը եւ առողջությունը պետք է խնայել»,-ասաց Ա. Լալայանը:

Է. Սահակյանն էլ ասաց. «Եթե տուն լինի՝ ապրեմ, մեկ-երկու ամսում կվերականգնվեմ: Հիմա լրիվ հյուծվել եմ: Կկարգավորվեմ ու կպահանջեմ, որ քննությունը նորից սկսվի, որպեսզի ես հնարավորություն ունենամ վերականգնելու իմ իրավունքները»:

Ակցիան շարունակվեց մոտ 2 ժամ, այդ ընթացքում նախագահի աշխատակազմից ինչ-որ աշխատակից եկավ, որը չցանկացավ ներկայանալ: Նա չցանկացավ լրագրողների հարցերին պատասխանել, միայն ասաց, որ իրենք գիտեն նստացույց անող տիկնոջ մասին: Ոստիկանների հետ խոսելուց հետո նա, անտեսելով գետնանցումը, խախտումով անցավ փողոցը: Ոստիկանները ոչ մի կերպ չարձագանքեցին այդ խախտմանը:

Արմինե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930