Հունգարիայի կողմից օգոստոսի 31-ին Ադրբեջանին արտահանձնված եւ Բաքու ժամանելուն պես երկրի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից ներման արժանացած մարդասպան Ռամիլ Սաֆարովը «ներկայումս ծառայողական արձակուրդում է եւ հանգստանում է»։ Այդ մասին SalamNews գործակալությանը հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության միջազգային ռազմական համագործակցության վարչության պետ Ռամիս Նաջաֆովը։
«Արձակուրդն ավարտվելուց հետո նա կվերադառնա ծառայության», – ասել է ադրբեջանական ռազմական գերատեսչության պաշտոնյան` հավելելով, թե «համապատասխան կառույցները անվտանգության միջոցներ են ձեռնարկում Սաֆարովի նկատմամբ»։
Նաջաֆովի խոսքերով` թեեւ Սաֆարովը հանցագործություն է կատարել, հունգարական դատարանը նրա նկատմամբ ընդունել էր «անարդարացի եւ անհամարժեք որոշում», որը անչափ խիստ էր, իսկ Ադրբեջանի օրենքներով նա ենթակա էր 15 տարվա ազատազրկման։ Ներում շնորհելով մարդասպանին` Ալիեւը, ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնյայի, «բացառիկ մարդասիրական քայլ» է կատարել։
2004 թվականին Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելով սպանելու համար Ռամիլ Սաֆարովը հունգարական դատարանի կողմից դատապարտվել էր ցմահ ազատազրկման, սակայն 8 տարի բանտում անցկացնելուց հետո ազատության մեջ հայտնվեց։
Կարդացեք նաև
Ազատություն» ռադիոկայան