ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ սեպտեմբերի 29-ին Դրեզդենի «Ֆրաուկիրխե» եկեղեցու սրահում կկայանա «Հայ երաժշտության երեկո»: Դրա ընթացքում Հայաստանի պետական կամերային երգչախումբը ելույթ կունենա Դրեզդենի ֆիլհարմոնիկի հետ:
Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Ռոբերտ Մելքոնյանը տեղեկացրեց, որ համերգի ընթացքում կհնչեն Կոմիտասի, Տիգրան Մանսուրյանի, Շնիտկեի, Բարբերի եւ Էդուարդ Հայրապետյանի ստեղծագործությունները:
Նվագախմբի հետ համատեղ՝ Բարբերի եւ Հայրապետյանի ստեղծագործությունները կղեկավարի Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, իսկ խմբերգային ստեղծագործությունները կղեկավարի ինքը` Ռոբերտ Մելքոնյանը. «Մեզ հետ կտանենք ծիսական, աշխատանքային, հոգեւոր երգեր»:
Հայաստանի պետական կամերային երգչախմբի տնօրեն Արմեն Արաբյանի խոսքով, այս համագործակցությունը առաջին անգամ է իրականացվում Հայաստանի հետ ու պատվաբեր է ինչպես մեր, այնպես էլ կամերային երգչախմբի համար. «Համագործակցության առաջարկը ստացվել է IMG ARTISTS երաժշտական գործակալության անդամ Սերգեյ Սմբատյանի շնորհիվ»:
Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ