Թիվ 35 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի թեկնածու կառաջադրվի «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Արման Սահակյանը։ Այս մասին Tert.am-ի տեղեկությունները հաստատվեցին հենց իր՝ Արման Սահակյանի հետ զրույցում։
Հիշեցնենք, որ Շիրակի մարզի 16 համայնքներ, ինչպես նաև Գյումրի քաղաքի մի մասն ընդգրկող այս ընտրատարածքում այս տարվա մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններին ԱԺ պատգամավոր ընտրված Սամվել Բալասանյանը սեպտեմբերի 9-ին կայացած համայնքային ընտրություններում հաղթեց Գյումրու քաղաքապետի համար պայքարում՝ հրաժարվելով իր պատգամավորական մանդատից։
Հիմնավորելով իր առաջադրումը՝ Արման Սահակյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց. «Նախորդ ընտրություններին 14 հազար մարդ քվեարկեց իմ օգտին, և կարծում եմ՝ ես անելիքներ ունեմ ու պետք է արդարացնեմ այդ մարդկանց սպասելիքները: Եվ քանի որ այժմ ինձ նման հնարավորություն ընձեռվում է, ես որոշեցի կրկին առաջադրել իմ թեկնածությունը»։
Հիշեցնենք, որ մայիսի 6-ին կայացած ընտրություններին Արման Սահակյանը մեծամասնական ընտրակարգով առաջադրվել էր Գյումրի քաղաքի հիմնական մասն ընդգրկող թիվ 34 ընտրատարածքում։
Ընտրությունների արդյունքում Արման Սահակյանը հավաքեց 14 168 ձայն՝ շուրջ 2 500 ձայնով զիջելով իր հիմնական մրցակից՝ ԲՀԿ ներկայացուցիչ Մարտուն Գրիգորյանին։
Նախնական տվյալներով թիվ 35 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի ընտրությունները կայանալու են դեկտեմբերի 2-ին։