«Ժառանգություն» կուսակցության նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանի համար երեկ անցկացված ՏԻՄ ընտրություններն անցել են խաղաղ, առանց լարվածության: «Ինձ դուր եկավ այն, որ այս անգամ ավագանու թեկնածուները տարբեր տեղերում հանդիպում ու մարդավարի շփվում էին, թշնամություն չեմ նկատել: Որեւէ կաշառքի դեպքի մասին չեմ լսել»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց Ա. Բախշյանը: Ըստ նրա, արդյունքում ընտրվում են այն թեկնածուները, որոնցից շահ կա. «Ավագանու պարագայում աշխատում են ակնկալիքի մեխանիզմով, ընտրվում են սոցապի այս ինչ բաժնի աշխատակիցը, խանութ ունեցողը… ծրագիր, գաղափար՝ այս երեւույթները չեն աշխատում, գործում է շահը»:
Ասուլիսի մյուս մասնակիցը՝ ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանն էլ դիմեց տիկին Բախշյանին. «Ասեք, որ ընտրություններն արդեն շատ դրական են անցնում: Արդեն հնացած տեխնոլոգիա է կարուսելը: Ավելի արդար ընտրություներ են անցկացվում, գոհ ենք արդյունքներից, արժանի թեկնածուներ ունենք եւ այն համամասնությունը, որ կար ԱԺ ընտրություններում, ՏԻՄ ընտրություններում պահպանվում էր: «Այն, որ խախտումներն արդեն չնչին են, այս ամենը ապացուցում է, որ ընտրությունները նոր որակով են անցնում… վերեւից ոչինչ չի ասվում»: Տիկին Բախշյանն էլ հակադարձեց. «Ծառայամտության այնպիսի բարձր մակարդակ կա, որ պետք էլ չի հրամայել, վերեւից ասել: Տեղական լծակները՝ գերդաստան, թաղ, ով ինչ ունի օգտագործում է»:
Ընդդիմության պասիվությունը ՏԻՄ ընտրություններում, տիկին Բախշյանը պայմանավորեց ֆինանսական միջոցներով եւ կուսակցության անդամների թվով: Ըստ նրա մարզերում համատարած հանրապետականներ են. «Ամբողջ տարին օրինական ու ապօրինի բոլոր ձեւերով աշխատում են իշխանությունը պահելու համար: Այն նյութական ու ֆինանսական միջոցները, որ բյուջեից ստանում են ՀՀԿ- ն ու «Ժառանգությունը» անհամեմատելի են: Կուսակցական անդամների թվի առումով ո՞նց կարող ենք ոտք մեկնել ՀՀԿ-ի հետ»: Տիկին Աճեմյանն էլ հակառակը պնդեց, թե չի կարծում՝ համայնքներում համատարած կուսակցականացված են, հետո էլ հավելեց. «Մեր ընդդիմությունը շատ կառուցողական է դարձել ե՛ւ աշխատանքային ոճով, ե՛ւ առաջարկներով, ինչը նշանակում է, որ կարող ենք միասին աշխատել»: Տիկին Բախշյանն էլ հետաքրքրվեց. «5 տարի առաջ ԱԺ-ում «Ժառանգությունն» էր ընդդիմությունը, այսօր ի՞նչ է անում ՀԱԿ-ը, որ մենք չենք անում»: Ի պատասխան տիկին Աճեմյանն ասաց.«Վա՞տ է, որ լավ են աշխատում, որ կառուցողական տարրեր կան, որ մենակ գոռգոռոց չէ: Դուք շատ լավ եք աշխատել»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ