Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռուբեն Թարումյան. Ամեն ինչ արվում է հայոց լեզուն ստորացված վիճակում դնելու համար

Սեպտեմբեր 24,2012 14:26

Հոկտեմբերի 5-7-ը «Iranand theCaucasus» (BRILL, Leiden-Boston) ամսագիրը՝ Երեւանի պետական համալսարանի, Modus Vivendi , Իրանագիտության կովկասյան կենտրոնների, «Ակադեմիական համագործակցության և օժանդակության հայկական ասոցիացիա» – ԱՐՄԱԿԱԴ հ/կ-ի եւ այլ կազմակերպությունների հետ համատեղ կազմակերպում են կովկասա-կասպիական տարածաշրջանին նվիրված գիտաժողով: Ըստ ԱՐՄԱԿԱԴ-ի կայքում տեղադրված հայտարարության, գիտաժողովի աշխատանքային լեզուներն են անգլերենն ու ռուսերենը:

Սա մտահոգել է տառաստեղծ, «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության անդամ Ռուբեն Թարումյանին: Նա Aravot.am-ին ասաց, որ աշխատանքային լեզուների մեջ հայերենի բացակայության փաստը հակասում է ՀՀ օրենսդրությանը:

«Ես իմ վրդովմունքն եմ արտահայտում, ի՞նչն է իրենց խանգարում ապահովել համաժամանակյա թարգմանություն բոլորի համար: Հայաստանում մեր պետական, պաշտոնական լեզուն հայերենն է, եւ այն պիտի սպասարկի մեր երկրում բոլոր գործառույթները: Անգամ, եթե 1 %-ի համար չենք ապահովում համաժամանակյա թարգմանություն, դա նշանակում է, որ մեր երկրում հայախոսներին վերաբերվում ենք որպես երկրորդ տեսակի մարդկանց: Ես հասկանում եմ, որ համաժամանակյա թարգամանությունը թանկ հաճույք է, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է մեր պետական լեզուն ծախենք, ինչ է թե չունենք այն գումարը, որը պիտի վճարենք թարգմանիչներին: Հատկապես օտարալեզու դպրոցների խայտառակ օրենքն ընդունելուց հետո սա կարելի է դիտել որպես շարունակություն այն բանի, որ ամեն ինչ արվում է հայոց լեզուն ստորացված վիճակում դնելու եւ Սահմանադրությունը ոտնահարելու ուղղությամբ»,- կարծում է Ռուբեն Թարումյանը:

Գիտաժողովի կազմկոմիտեի անդամ, ԵՊՀ իրանագիտության ամբիոնի դոցենտ Վարդան Ոսկանյանն էլ Aravot.am-ին պարզաբանեց. «Նշված միջոցառումը խիստ մասնագիտական եւ գիտական հրատապություն ներկայացնող խնդիրների արծարծմանն է ուղղված, վերաբերում է զուտ արեւելագետներին եւ կովկասագետներին: Ցանկացած գիտական միջոցառում ունի իր աշխատանքային լեզուն, որի խնդիրը ապահովելը չէ գիտաժողովի հանրային ընկալելիության աստիճանը, որովհետեւ կոնկրետ սա քաղաքական միջոցառում կամ հասարակական լայն ակցիա չէ, նեղ մասնագիտական է, ու նպատակն այն է, որ միջոցառման մասնակիցները կարողանան հասկանալ մեկը մյուսին, գիտական թեզերի հետ համաձայնեն, քննարկեն, բանավիճեն: Կովկասյան եւ Կասպյան տարածաշրջանի տեղաբնիկ ժողովուրդների խնդիրը նաեւ ունի իր որոշակի քաղաքական նշանակությունը. քաղաքական որոշակի լիցքեր է պարունակում, հետեւաբար հայերենով նման միջոցառման անցկացումը դադարեցնելու է դրա ուղղվածությունը հիմնական թիրախներին: Տվյալ ժողովուրդների ներկայացուցիչները, որոնք բնակվում են համապատասխան վայրերում եւ չեն տիրապետում հայերենին, զրկված են լինելու համապատասխան «մեսիջներ» ստանալուց եւ դրանց ծանոթանալուց: Իսկ մենք ցանկանում ենք, որ լեզուներն ընկալելի լինեն հենց տեղաբնիկ ժողովուրդներին»

Ոսկանյանը նաեւ հավելեց. «Չգիտես ինչու, «Լեզվի մասին օրենքի» կետերը, որ տվյալ պահին չեն տարածվում այս միջոցառման վրա, հիշում են, եթե քննադատության օբյեկտը չակերտավոր թույլ է, ու որեւէ մեկը չի անդրադառնում, ենթադրենք, որեւէ զվարճանքի օբյեկտի, կազինոների, տաքսիների անվանումներին: Հիմնական թիրախը, որտեղ խախտվում է լեզվի մասին օրենքը, օրինակ հենց Ամերիկյան համալսարանում հայերենով դասավանդում չի իրականացվում, շատերը գիտեն ու որեւէ մեկը չի բողոքում»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930