Լրահոս
Օրվա լրահոսը

Մանկապարտեզի երեխաներին պետգնումներով բաստուրմա, սուրճ, սուջուխ, մսի եւ ձկան պահածոներ են մատակարարել (Տեսանյութ)

Սեպտեմբեր 24,2012 14:14

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ուսումնասիրելով հանրապետության 575 մանկապարտեզների եւ դրանց սնունդ մատակարարող ընկերությունների գործունեությունը, շուրջ  27  տարբեր տեսակի խախտում կատարած ընկերություն է հայտնաբերել: Մասնավորապես, այս ընկերությունները պետգնումների շրջանակում մանկապարտեզներին կարագի փոխարեն սփրեդ են մատակարարել: Այսօր ՏՄՊՊՀ-ն որոշում կայացրեց այս ընկերություններին տուգանել տարեկան հասույթի 1 տոկոսի չափով, որպես անբարեխիղճ տնտեսվարողներ:

Օրինակ` «Լուսաշխարհ» ՍՊԸ-ն Նոր Նորքի մանկապարտեզներին սնունդ մատակարարող ընկերությունն է, որը մրցույթով է ստանձնել այս գործառույթը եւ ըստ հանձնաժողովի, կարագի անվան տակ 1 կգ-ն 1265 դրամով «Տուլչինկա» սփրեդ է ձեռք բերել, իրացրել 1800 դրամով եւ ստացել գերշահույթներ:

Նիստին ներկա «Լուսաշխարհի» ներկայացուցիչ Մհեր Գեւորգյանն էլ առարկեց հանձնաժողովի մեղադրանքին.«Ես համաձայն չեմ 1265 դրամի հետ, քանի որ ես խանութ էլ ունեմ, եւ 1560 եւ 1700 դրամով ձեռք բերում ունեմ եւ նույնիսկ «Տուլչինկա» ֆիրմային է վերաբերում: 1600 դրամով է գնած, բնականաբար, իր տոկոսները հաշված` 1800 դրամը նորմալ գին է: Այստեղ գերշահույթ չկա»:

Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն էլ տնտեսվարողից հետաքրքրվեց, վերջինս համաձա՞յն է այն մեղադրանքին, որ կարագի անվան տակ սփրեդ է իրացրել, ինչին ի պատասխան ընկերության ներկայացուցիչն ասաց, որ սպրեդ հասկացողությանն ամբողջ ազգը տեղյակ չի եղել, ինչպես նաեւ իրենք, եւ իրենց գործունեությունում ոչ մի հանցագործություն չկա. «Ես հա’մ տվել եմ էժանագին կարագ, համ էլ` զելանդական թանկարժեք, մեկը` ճաշի համար են օգտագործել, մյուսը՝ ջեմերով-բանով օգտագործելու համար»:

Հանձնաժողովի ներկայացուցիչն էլ վստահեցրեց, որ ընկերության տրամադրած սերտիֆիկատի մեջ հստակ գրված է սփրեդ, այլ ոչ թե կարագ, իսկ 1265 դրամն էլ նշված է եղել ընկերության հաշիվ-ապրանքագրում:

Aravot.am-ի հետ զրույցում Մհեր Գեւորգյանը վստահեցրեց, որ բողոքարկելու է հանձնաժողովի տուգանման որոշումը, քանի որ մեղավորները ներմուծողներն են, որոնք իրացման կետերում չեն գրել սփրեդ, այլ գրել են` կարագ. «Ես ապրանքը գնելուց հետո փաստաթղթերում նոր տեսել եմ գրած՝ սփրեդ, բա ոչ մեկս էլ չեն իմացել սփրեդն ինչ է, մտածել ենք ցածր որակի կարագ է, իսկ մենք նաեւ ցածրի պատվեր ենք ունեցել»:

Նույն պատճառաբանությունը նաեւ ներկայացրեց «Արարտ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Երեմ Ասատրյանը, իբր թե` չեն իմացել, որ սփրեդը կարագ չէ:

Ըստ հանձնաժողովի, մանկապարտեզների փաստաթղթերից պարզվել է, որ պետական միջոցներով երեխաների համար այնպիսի սնունդ են գնել, որը հաստատ դժվար թե մանկապարտեզի տարիքի երեխաներն օգտագործեն: Օրինակ` սուրճ, բաստուրմա, սուջուխ, ձկան եւ մսի պահածոներ: Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն այսօր լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ նյութեր են ուղարկելու գլխավոր դատախազություն, որի պատասխանից հետո պարզ կլինի, թե հետագայում հանձնաժողովը որ ընկերության նկատմամբ, ինչ գործողություն կկիրառի:

Նելի ԲԱԲԱՅԱՆ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930