Երեկ կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների երկրորդ փուլից հստակ վիճակագրություն ԲՀԿ-ում դեռեւս չունեն: Իր պարտությունների եւ հաղթանակների մասին կուսակցությունն ամփոփ տեղեկատվություն կունենա երեկոյան:
Հիշեցնենք, որ երեկ Գեղարքունիքի, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի եւ Տավուշի մարզերում ընտրում էին ավագանի եւ համայնքի ղեկավարների: Համայնքի ղեկավարներ էին ընտրում Արագածոտնի մարզի Աշտարակ եւ Ապարան քաղաքներում, Գեղարքունիքի մարզի Գավառ, Ճամբարակ, Մարտունի, Սեւան, Վարդենիս համայնքներում, Կոտայքի մարզի Եղվարդ, Ծաղկաձոր, Աբովյան քաղաքներում, Վայոց ձորի մարզից ՝ Եղեգնաձոր եւ Վայք, իսկ Տավուշի մարզի՝ Այրում, Բերդ, Դիլիջան, Նոյեմբերյան քաղաքներում: Համայնքի ղեկավարներ ընտրում էին 262, իսկ ավագանու անդամներին 281 համայնքներում:
Համայնքապետերի 699 թեկնածուներից 285-ը անկուսակցական են, 282-ը` հանրապետական, 87-ը` ԲՀԿ-ից , 8-ը` «Օրինաց երկիր» կուսակցությունից, 27-ը` դաշնակցական եւ 1-ական թեկնածուներ կան` «Ժառանգություն», «Հայաստանի ժողովրդական», ՀԱԿ-ից, «Ազգային ինքնորոշում», «Ազգային ժողովրդական միություն» կուսակցություններից, երկու թեկնածու էլ՝ ԺԱԿ-ից:
Կարդացեք նաև
Aravot.am-ի հետ զրույցում ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը մեր դիտարկմանը, որ, փաստորեն, հիմնական մրցակիցները դարձյալ ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն են ու ընդհանուր հաշվով, ՀՀԿ-ն դարձյալ առաջատար դիրքերում է, հակադարձեց. «Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները ոչ պետական, ոչ քաղաքական, այլ տեղական վարչարարություն իրականացնող անհատների ընտրություններ են: Ես շատ կցանկանամ, որ հասարակությունը, ընտրողներն իրենք դիտարկեն այդ ընտրությունները, որպես սեփական կյանքի բարելավմանը, դրական փոփոխություններին միտված ընտրություններ, որոնք մեծ շղթայի մի օղակն են»:
ԲՀԿ-ն որոշ համայնքներում դիտարկել է ընտրությունները եւ կրկին դժգոհություններ է արտահայտում օքսիդացող թանաքների հետ կապված, որոշ դեպքերում հանձնաժողովականների կամայականություններից, ընտրատեղամասերի առջեւ կուտակումներից:
Նկատում են, որ ոստիկանությունն ավելի հետեւողական եղավ իրենց թեկնածուների նկատմամբ, քան պահանջվում էր` ԲՀԿ-ի թեկնածուների ներկայացուցիչները հրավիրվում էին ոստիկանություն` զրույցների:
Այնուհանդերձ, ԲՀԿ մամուլի խոսնակն արձանագրում է, որ արտառոց միջադեպեր եւ դրսեւորումներ չեն եղել: Բայց մի նկատառում ունի. «Բարոյական նորմերն ու օրենքի տառն են իրար հակասում այս ընտրությունների ընթացքում, որովհետեւ մարդկանց ազատ կամարտահայտության վրա ազդեցությունն այլեւս կազմակերպվում է առանց օրենքին հակասելու»: Պարզաբանել կամ մեկնաբանել սեփական դիտարկումը, պարոն Ուրիխանյանը չցանկացավ` դրանք թողնելով ընթերցողների տրամաբանությանն ու երեւակայությանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ