Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Միջազգային դիտորդները կարեւորում են ակնաբուժարանի առկայությունը. հայ ընտրողները քվեախցում «պտիչկան» դժվարանում են դնել

Սեպտեմբեր 24,2012 14:03

Այսօր միջազգային դիտորդների հրավիրած ասուլիսում լրագրողները առաքելության ղեկավար Հենրի Ֆերալից հետաքրքրվեցին թանաքի հետ կապված խնդիրներով: Նա պատասխանեց, որ առհասարակ տեխնիկական խնդիրներ եղել են: Օրինակ՝ հանձնաժողովների նախագահները բանիմաց չեն եղել. «Անհրաժեշտ է բարձրացնել հանձնաժողովների նախագահների ուսուցման դերը: Մի տեղամասում տեսել ենք, որ նախագահը չգիտեր, թե քանի ավագանու անդամներ են առաջադրված: Դա մի փոքր բան է, այնուամենայնիվ, ցույց է տալիս, որ ավելի պետք է շեշտը դնել նրանց ուսուցման գործընթացի վրա: Ինչ վերաբերում է թանաքին՝ ես գիտեմ, որ խնդիրներ եղել են, որոնց մասին նախորդ ընտրությունների ժամանակ բարձրաձայնվել է: Այս անգամ կարծես թե նման բան չկա, եւ անձնագրերում այդ դրոշմակնիքները պահպանվել են»:

Պարոն Ֆերալը պատմեց, որ տարածքային կառավարման նախարարի հետ հանդիպմանը նշել են, որ գյուղերում որոշ ընտրատեղամասերում տղամարդկանց կուտակումներ են նկատել: Լրագրողները հետաքրքրվեցին՝ նախարարն ի՞նչ պատասխանեց, ինչպե՞ս արձագանքեց դրան: Հենրի Ֆերալը պատասխանեց. «Նա որեւէ որոշակի բան չարտահայտեց: Դա այդքան էլ այդպես ցնցող մի բան չի բացասական: Ֆրանսիայում քիչ կուտակումներ են քաղաքում լինում, որովհետեւ ընտրությունից զատ, շատ բան է լինում անելու: Բայց գյուղական վայրերում դա առիթ է, որ մարդիկ իրար հանդիպեն»:

Հարցրին՝ տեղյա՞կ եք Արմավիրի մարզում Բամբակաշատ գյուղի ծեծկռտուքի մասին: Դիտորդները նախ ճշտեցին՝ դա ո՞ր օրն է եղել՝ ամսի 23-ի՞ն, թե՞ 9-ին: Պարոն Ֆերալն ասաց, որ մամուլի հրապարակումներին ծանոթ է:

Aravot.am-ի հարցին՝ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ահազանգել է, որ այս ընտրություններին էլ թանաքները ցնդել են ժամանակից շուտ, տեղյակ չե՞ք այդ ահազանգին: ԵԽ դիտորդական առաքելության ղեկավար Հենրի Ֆերալը պատասխանեց. «Ծանոթ չեմ այդ հայտարարությանը: Մեր փորձից ելնելով՝ իմ գործընկերը, ում հետ դիտարկում էինք Սեւանում ընտրությունները, նմուշ վերցրեցինք այդ թանաքից թղթի վրա, տեսանք, որ նորմալ մնում է, չի անհետանում: Մեր փորձից ելնելով՝ եթե թանաքը լավ թափ տային եւ խառնեին լավ՝ ժամանակից շուտ չէր անհետանա: Կարող ենք ասել, որ ամսի 9-ին մարդիկ չանհետացող թանաք էին օգտագործում: Հանձնաժողովի նախագահը պետք է իմանա թանաքի հետ կապված ինչ անի»: ԵՄ կոմիտեի պատվիրակության ղեկավար Բրայան Մինին ավելացրեց՝ «Մեր կարծիքով՝ կոմիտեի անունից եմ խոսում, գիտեմ, որ առաջընթաց է տեղի ունեցել, բայց սա շատ փոքր քայլ է, ինչպես ժողովրդավարական երկրներում: Անընդհատ պետք է շարունակվի: Վստահված անձինք չպետք է կարողանան ճնշել հանձնաժողովի նախագահին, ուժեղ անձ է պետք՝ հանձնաժողովի նախագահ լինի: Եթե մարդը թույլ է լինում, քաոս է տիրում»:

Հենրի Ֆերալի խոսքերով՝ «Կնիքները որ դնում էին՝ խնդիր կարծես թե չկար, մնում էին: Սեպտեմբերի 9-ին թերթիկները խնդրեցի անձնագրերի թանաքով կնքեն, ամսի 9-ից ի վեր թանաքը պահպանվում է»:

Հարցին՝ հա՛մ ասում եք զուսպ, լավ ընտրություններ են եղել, ոչինչ չեք տեսել, հա՛մ ասում եք փոքր առաջընթա՞ց է: էլ ինչո՞ւ է փոքր առաջընթաց, ասեիք՝ փայլուն է եղել՝ դիտորդները պատասխանեցին՝ «Ասում ենք փոքր առաջընթաց է, որովհետեւ Հայաստանում բժշկական, առողջապահական խնդիրներ կան: Ընտրության եկած շատ ու շատ կանայք ընտրացուցակներում արագ իրենց անունը գտնում էին, բայց քվեախցում այդ «պտիչկան» չէին կարողանում դնել: Զեկույցում այսպիսի բաների մասին է, որ խոսելու ենք: Դեռ իրավիճակը գոհացուցիչ չէ: Փոքր առաջընթաց արտահայտությունը ավելի լավ կհասկանաք, եթե մանրամասն կարդաք զեկույցը»:

Հենրի Ֆերալն էլ նշեց. «Առավոտյան այդ թեմայով խոսեցինք նախարարի հետ: Մենք 15 ընտրատեղամասում որ եղել ենք, երկուսում ենք հանդիպել: Այն տպավորությունը ստացանք, որ կարելի էր այստեղ երեւի ակնաբուժական կենտրոն հրավիրեինք, որովհետեւ բոլորը տեսողության պրոբլեմներ ունեին»:

Մենք հետաքրքրվեցինք նաեւ, թե զեկույցում տեղ գտնելո՞ւ է Կապանի դեպքը, երբ գործող քաղաքապետը ճնշումների ազդեցության տակ չառաջադրվեց: Դիտորդները պատասխանեցին, որ տեղյակ են այդ խնդրի մասին. «Հ/կ-ները, կուսակցությունները դրա մասին խոսեցին: Դաշնակցական քաղաքապետի խնդիրն է, այո, ծանոթ է մեզ: Սակայն չեմ կարծում, որ պատվիրակության առումով երեկ այդ մասին խոսվել է: Չէ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930