ՏԻՄ ընտրությունների արդյունքները չեն բավարարել Կոմկուսի գլխավոր քարտուղար Ռուբեն Թովմասյանին, ըստ որի՝ ինչպես ցանկացած ընտրություն, այս անգամ էլ դրանք ոչ թափանցիկ էին ու անարդար: «Նորից օգտագործվեցին պետական ռեսուրսները, սանիկ-քավոր հանգամանքը եւ այլն՝ իրենց նպատակներին հասնելու համար: Կոմկուսի կողմից առաջադրված էր ընդամենը 6 թեկնածու, որից այդ անարդարության պայմաններում ընտրվեց միայն 1-ը: Համոզված եմ՝ ՏԻՄ ընտրություններում նախօրոք որոշված էր՝ ինչպես ազդել մարդկանց վրա եւ ով որտեղ պետք է անցներ»,- նշեց Թովմասյանը, հավելելով, որ ժողովրդից սպասելիքները հետեւյալն էր՝ մտածում էր, թե կաշառք տրված ալյուրը, պարարտանյութը եւ նման այլ բաներ չեն վերցնի ու իրենց ձայնին տեր կկանգնեն:
«Մենք պիտի ժողովրդին փրկենք այս փտած համակարգից: Միեւնույն է՝ կոմունիստներին վերացնելը հեշտ չի լինի, ամբողջ աշխարհում կոմունիստները շատ բարդ ճանապարհներ են անցել: Ուրախությամբ պետք է նշեմ, որ կոմունիստների շարքերում շատ են երիտասարդները»,- ասաց Թովմասյանը:
Դառնալով նախագահական ընտրություններին, նշեց, որ իրենց վերադաս օրգանը նոյեմբեր ամսին կհայտարարի՝ մասնակցելո՞ւ են նախագահական ընտրություններին, թե՞ ոչ:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է աշխարհում տիրող անկայուն իրավիճակին, ըստ Թովմասյանի, Հայաստանը պետք է ամեն կերպ խուսափի պատերազմներից: Այս առումով Կոմկուսի բանաձեւը հետեւյալն է՝ ամեն ինչ պետք է անել տարածաշրջանում խաղաղ իրավիճակը պահպանելու համար. «Մենք պետք է ամեն ինչի պատրաստ լինենք, որպեսզի կարողանանք պաշտպանել ինքներս մեզ: Ցեցն արդեն ընկել է Եվրախորհրդի մեջ, բացի այդ, ամեն ինչ անում են Հայաստանը Ռուսաստանից պոկելու համար: Բայց մենք պետք է ռուս ժողովրդի հետ լինենք եւ մեր հույսը դնենք հայ-ռուսական բարեկամության վրա»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ