Համաբանակային 15-րդ սպարտակիադայի բացման արարողության ժամանակ ՀՀ զինված ուժերի մարտական պատրաստության վարչության ֆիզպատրաստության բաժնի սպորտ-մասսայական աշխատանքների բաժանմունքի պետ, փոխգնդապետ Արման Դավթյանը Aravot.am-ի հարցին, թե զորամասերում զինվորների համար սպորտով զբաղվելու համապատասխան պայմաններ կա՞ն, պատասխանեց. «Միանշանակ: Բոլոր զորանոցները կահավորված են մարզումային հրապարակներով, ծառայողական պարտականություններն ավելի լիարժեք կատարելու համար անհրաժեշտ բոլոր հարմարություններով, որտեղ թե զինվորները եւ թե սպաներն ամեն օր զբաղվում են սպորտով, բարձրացնում մարզական ու զինվորական պատրաստվածության մակարդակը: Ավելին ասեմ. ամեն մի զորանոցում ստեղծված է մարզական անկյուն, որտեղ պատին փակցված են սպարտակիադայի ծրագրում ընդգրկված մարզաձեւերի իրենց վաշտի, գումարտակի, զորամասի, զինված ուժերի ռեկորդները: Եվ զինվորը կարող է մարզվել ու թարմացնել դրանք: Հենց պայմանների առկայության արդյունքն է, որ Ղազախստանում անցկացված ԱՊՀ երկրների զինված ուժերի սպարտակիադայում մեր բանակային ըմբիշները գրավեցին 1-ին, իսկ ձյուդոիստները` 3-րդ տեղը:
Մենք արդեն սկսում ենք աշխատել ՄՕԿ-ից հետո աշխարհում երկրորդ խոշորագույն մարզական կազմակերպության` Միջազգային ռազմական սպորտի խորհրդի հետ, որպեսզի մեր զինվորներն էլ նրանց միջոցառումներում կարողանան հանդես գալ, եւ ինչու չէ, նաեւ իրենց ներգրավել մեր միջոցառումներում»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ