Լրահոս
Օրվա լրահոսը

«Դպրոց-կենտրոնների միությունը» ազդարարել է գործունեության մեկնարկը

Սեպտեմբեր 24,2012 13:17
Սեպտեմբերի 22-ին տեղի ունեցած կլոր սեղան-քննարկմամբ ազդարարվել է  “Դպրոց-կենտրոնների միություն” իրավաբանական անձանց միության գործունեության մեկնարկը: Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
“Կրթական ոլորտում տեղի ունեցող բարեփոխումների բարեհաջող ընթացքն ապահովելու համար նախարարությունը, որպես կրթության ոլորտի քաղաքականությունն իրականացնող մարմին մասնագիտական հանրույթի աջակցության անհրաժեշտություն ունի: Բազմիցս խոստովանել եմ, որ գրեթե չկա որևէ կրթական նորամուծություն, որի կապակցությամբ մասնագիտական հանրույթի կարծիքը չտրոհվի: Հետևաբար, Հայաստանում հանրակրթության ոլորտի մասնագիտական մտքի համախմբումն առաջնային խնդիր է, որի կարիքը մենք ունենք, որպեսզի դյուրին լինի  նախարարության համար իր քաղաքականությունը տեղերում կյանքի կոչել”,- մասնավորապես նշել է նախարարը և հավելել, որ  նոր միությունը դիտարկվում է որպես գործընկեր, որին նախարարությունը պատրաստ է որոշակի առաքելություն պատվիրակել` հարթակ հանդիսանալու Հայաստանի կրթական համակարգում տեղի ունեցող փոփոխությունները կենտրոնացնելու ու տարածելու համար:
“Այս միությունն իր կարևոր դերակատարությունը կունենա, որպեսզի կարողանանք օբյեկտիվ պատկեր ունենալ տեղի ունեցող գործընթացների մասին, հեշտությամբ կարողանանք տարածել փորձը, նախարարության որոշումները ճիշտ հասնեն հասցեատերերին ու անխափան իրականացվեն: “,-  ըստ ԿԳՆ պաշտոնական կայքի՝ նշել է  Ա. Աշոտյանը:
Լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ նախարարը նշել է, որ գալիք տարվանից դպրոցների տնօրենների հավաստագրման գործընթացը  կփոփոխվի և ավելի կբարդանա: “Երբ գործընթացը նոր էր մեկնարկում բնականաբար պետք է սահմանավեր նվազագույն շեմ, բայց դա այսօր արդեն բավարար դիտարկել չի կարելի, գնալով նվազագույն պահանջների նշաձողը բարձրացվելու է, ըստ այդմ, տնօրենների քնննությունները բարդացվելու են: Պետք է ուշադրություն դարձնենք համակարգչային հմտութուններին, ինչպես նաև օտար լեզվի իմացության պահանջ է դրվելու”,- նշել է Ա. Աշոտյանը  և տեղեկացրել, որ անցալ երկու տարիներին դպրոցների տնօրենների հավաստագրման քննությունների արդյունքում շուրջ 200 գործող տնօրեն հավաստագիր չի ստացել, այսինքն զրկվել է կրկին տնօրեն  ընտրվելու հնարավորությունից: ՀՀ ԿԳՆ-ի նման մոտեցումը, ըստ նախարարի, տնօրենների համար  սթափեցնող նշանակություն է ունեցել.  “Ժամանակին տնօրենի աշխատանքը դիտարկվում էր անձեռնմխելի, առանձին դեպքերում նաև ժառանգաբար փոխանցվող: Նախարարները գալիս-գնում էին, տնօրենները մնում էին: Իհարկե, լավ տնօրենը պետք է երկար աշխատի, բայց պետք է բոլորն էլ հասկանան, որ դպրոցները հանրային ինստիտուտներ են, նրանց գլխավոր առաքելությունը համայնքի կրթական կարիքների սպասարկումն է: Դպրոցների տնօրենները, ուսուցիչները, նաև նախարարության աշխատակիցներն ու  նախարարը հանրային ծառայողներ են ու պարտավոր են սպասարկել մարդկանց կրթական կարիքները, այլ ոչ թե ավելացնեն սեփական իրավունքները՝ շահադիտական նպատակներ հետապնդելով”,- շեշետել է կրթության և գիտության նախարարը և հավելել, որ  դպրոցն այսօր դեմքով դեպի երեխան շրջվելու հրամայական ունի, իսկ դպրոցի տնօրենը ստիպված է հաշվի նստել և ապահովել կրթական շուկայի նոր պահանջարկը՝ նոր որակի աշխատանքով :
Կլոր- սեղան քննարկմանը ներկա են եղել նաև “Դպրոց-կենտորնների միություն” իրավաբանական անձանց միության նախագահ, ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը, ԱԺ այլ պատգամավորներ, կրթական հաստատությունների տնօրեններ, փորձագետներ: Նորաստեղծ միությունը նպատակ ունի համակարգել Հայաստանում առկա հանրակրթության ոլորտի առաջավոր փորձը, նպաստել դրա տարածմանը և ապահովել զարգացում՝  կարևորելով  միջազգային փորձը: Միության աշխատանքների շրջանակն է` մշակել ուսուցչի էթիկայի նորմեր և  դպրոցի զարգացման ծրագիր, կազմակերպել ուսուցիչների մարզային և հանրապետական հավաքներ, սեմինարներ և այլն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930