Հայկական ճարտարապետության ուսումնասիրման հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանը 12 օր ուսումնասիրել է Դաղստանի հայկական պատմական հուշարձանների ներկայիս վիճակը: Այսօր «Հենարան» ակումբում կազմակերպած ասուլիսին Սամվել Կարապետյանը հայտնեց, որ այնտեղ պահպանվել են հայկական շենքերը, եկեղեցիներն ու գերեզմանատները. «Դաղստանում մենք տեսանք միայն 19 դարի տապանաքարերով գերեզմանոցը: Եկեղեցի եղել է, բայց հիմա չկա: Կար գրադարան, բայց գրքերը ռուսերենով էր: Ղզլար քաղաքում հանդիպեց երեք եկեղեցի եւ երկու վանք: Կային 19-20-րդ դարերին կառուցված հայապատկան հետաքրքիր շենքեր, որոնք շատ նման են Աբովյան փողոցի հին շենքերին: Մախաչկալայում կա Պողոս Պետրոս եկեղեցին, որը 19-րդ դարի կեսերում է կառուցվել: Այն արդեն վերածվել է վաճառատան: Վաճառողները զարմանում էին, որ եկեղեցում են առեւտուր անում: Գաղթավայրերի գերեզմանները շատ հետաքրքիր էին: Դերբենտում կար մի մզկիթ, որը նախկինում հին հայկական եկեղեցի է եղել: Քաղաքի մեջ կա Սրբ. Ամենափրկիչ եկեղեցին: Գմբեթավոր եկեղեցի է, մուտքի առջեւ ունի զանգակատուն, վիճակն էլ լավ է: Կան հայկական շատ շենքեր, որոնք, ցավոք, հայաբնակ չեն»:
Դաղստանի հարավային մասը ծովի մակարդակից 4000 մետր է բարձր, իսկ հյուասիսային մասը լրիվ հակառակն է` ծովի մակարդակից ցածր է: Նրա ընդհանուր տարածքը մեծ է`50 հազար ք/կմ, ավելի մեծ, քան Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղն իրար միացրած:
Հայկական ճարտարապետության ուսումնասիրման հիմնադրամի նախագահը նկատել է` ոչ մի գյուղում հայ չի ապրում: Հին ժամանակներում նրանք շատ են եղել Դերբենտ քաղաքում. «1796 թվականին հայերը բացել են քաղաքի դռները, եւ ռուսները կարողացել են գրավել Դերբենտը: Եկել է մի պահ, երբ ռուսները նահանջել են, իսկ հայերը մատնությունից հետո երես չեն ունեցել վերադառնալու համար: Այնուամենայնիվ, այօր այնտեղ ապրում է մոտ 2000 հայ բնակչություն, բայց նրանք հետաքրքրված չեն ոչ մի բանով»:
Կարապետյանը հիշում է, որ երկու օր Դերբենտի գերեզմանատներում են աշխատել: Վերջին օրը մի հայի մահվան տարին է եղել, եւ գերեզմանոցում հավաքվել է բավականին հայություն, ովքեր ռուսերեն են խոսել իրար հետ: Երբ հարց է հնչել, թե ինչու են նրանք ռուսերեն խոսում, պատասխանել են` մենք հայ ենք, բա ինչ լեզվով խոսենք:
Ճարտարապետը համոզված է` Դաղստանում եղած հայկական մշակութային գանձերը պետք է պահպանել: Ըստ նրա, Ռուսաստանի Դաշնության հետ մեր կապերն այնպիսինն են, որ կարելի է այս խնդիրը ներկայացնել. «Ամեն դեպքում` դաղստանահայերը չեն կարողանում իրենց մեջ ուժ գտնել լեզվի պահպանման հարցում: Դրա համար պետք է արտաքին ազդեցություն լինի, իսկ դա միայն Հայաստանը կարող է անել»:
Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ
Կարդացեք նաև