Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը գիտության զարգացումն ու առաջընթացը դիտարկում է որպես գերակայություն. Տիգրան Սարգսյան

Սեպտեմբեր 24,2012 11:28

 Վարչապետ Տիգրան Սարգսյանը Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել է Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի (ԳԿՀԱՀ) «Հայաստանի գիտությունը և կրթությունը» խորագրով համաժողովի բացմանը:

Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ կառավարության ղեկավարը նշել է. «Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ արևելյան թեմի Հայ օգնության ֆոնդն իր 24-ամյա պատմության և գործունեության ընթացքում բազմաթիվ ազգօգուտ ծրագրեր է իրականացրել, սատար կանգնել մայր հայրենիքին և հայ ժողովրդի բազում հոգսերին: 2000 թվականին նրա հովանու ներքո նշանավոր աստղաֆիզիկոս Երվանդ Թերզյանի և ամերիկաբնակ մի քանի հայազգի գիտնականների նախաձեռնությամբ ստեղծվեց Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամը: Բարեգործական այս կառույցի բազմաթիվ և բազմապիսի ծրագրերի շարքում տարեցտարի սկսեց մեծ տեղ զբաղեցնել աջակցությունը հայրենի գիտությանն ու կրթությանը, և հիմնադրամն իր գործուն ու ակտիվ մասնակցության շնորհիվ աստիճանաբար ձեռք բերեց առաջատար աջակցի և հովանավորի բարի համբավ ու հեղինակություն»:

Վարչապետի խոսքով՝ ունենալով հայաստանյան գիտության և կրթության ոլորտի զարգացմանն աջակցելու, հայաստանյան գիտական միտքն ու կրթությունը որակական նոր մակարդակի բարձրացնելու, Հայաստանից մտավոր ներուժի արտահոսքը կասեցնելու նպատակ՝ հիմնադրամը ստեղծման պահից մինչ օրս գործուն աջակցություն է ցույց տալիս հայրենական գիտության և կրթության համակարգին, մայր հայրենիքի գիտության զարգացմանն ուղղված կարևոր նախաձեռնություններին, գիտության ոլորտում առաջին լուրջ քայլերն անող երիտասարդներին, ինչպես նաև վաստակաշատ ու փորձառու գիտնականներին:

«Անցած 12 տարիների ընթացքում Գիտության և կրթության ազգային հիմնադրամի կողմից հայտարարված գիտական ծրագրերի մրցույթներում ձեռքբերված վստահության շնորհիվ տարեցտարի ավելանում է մրցույթների մասնակիցների թիվն ու կառույցի վարկանիշը: Հիմնադրամն իր գործունեության այս տարիների ընթացքում կարողացել է արձանագրել բազմաթիվ հաջողություններ, ներկայացված աշխատանքները գովեստի և գնահատանքի են արժանացել միջազգային ճանաչում ունեցող առաջատար գիտնականների կողմից»,- նշել է Տիգրան Սարգսյանը:

Գործադիրի ղեկավարն ասել է, որ այս համաժողովը համագործակցության յուրօրինակ կամուրջ է մայր հայրենիքի և արտերկրի հայազգի գիտնականների ու կրթության ոլորտի ներկայացուցիչների համար:

Վարչապետի խոսքով՝ Հայաստանի կառավարությունը, արժևորելով գիտելիքներով հարուստ անհատին և կարևորելով մեր երկրի գիտալիքահեն տնտեսության կայացումը, իր ռազմավարական ծրագրերում ոլորտի համաչափ զարգացումն ու առաջընթացը դիտարկում է որպես գերակայություն, և այս համատեքստում առանձնակի գնահատելի է Հայաստանում նմանատիպ համաժողովների անցկացումը:

Տիգրան Սարգսյանի համոզմամբ` համաժողովը նոր լիցք կհաղորդի հիմնադրամի աշխատանքներին, կնպաստի Հայաստանի գիտության և կրթության համակարգի հետ համագործակցության առավել ամրապնդմանը, իսկ երկուստեք իրականացվող համատեղ աշխատանքները գալիք տարիներին կարձանագրեն նորանոր հաջողություններ:

Կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ Հայաստանի և Սփյուռքի համատեղ ջանքերի շնորհիվ մեր գիտությունն ու կրթությունն աշխարհին կներկայանա ժամանակակից համաշխարհային պահանջներին համապատասխան, միաժամանակ նորանոր նվաճումներով ու ձեռքբերումներով կհաստատի մեր գիտական ներուժի մրցունակությունը;

Ավարատելով խոսքը՝ Տիգրան Սարգսյանը ԳԿՀԱՀ ներկայացուցիչներին և նրա բոլոր անդամներին մաղթել է աշխատանքային հաջողություններ, ակտիվ համագործակցություն, իսկ համաժողովի մասնակիցներին՝ արդյունավետ աշխատանք:

2012 թվականին ԳԿՀԱՀ հետազոտական խորհրդին ներկայացված 198 գիտական առաջարկներից գերազանց գնահատականներ են ստացել 51 աշխատանքներ, հաղթող են ճանաչվել 25-ը: Գիտական խմբերի ղեկավարներից 12-ը մինչև 35 տարեկան երիտասարդներ են: Ընդհանուր առմամբ, 12 տարիների ընթացքում այս ծրագրի մրցանակին են արժանացել 281 գիտական խմբեր, որոնցում ընդգրկված են եղել 1000-ից ավելի գիտնականներ:  Ծրագրի դրամաշանորհային գումարը կազմում 1 մլն 405  հազար դոլար:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930