Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սամվել Ալեքսանյանի եւ Վարգես Գասպարիի միջադեպի գործն ընդունվեց ԱԺ էթիկայի հանձնաժողովի վարույթ (Տեսանյութ)

Սեպտեմբեր 24,2012 11:15

Այսօր ԱԺ էթիկայի հանձնաժողովի դռնփակ նիստում քննարկվեց ՀԱԿ անդամ Վարդգես Գասպարիի դիմումը՝ Սամվել Ալեքսանյանի հետ ունեցած միջադեպի հետ կապված: Հանձնաժողովը որոշել է դիմումն ընդունել վարույթ եւ քննություն իրականացնել: Ընդ որում, հանձնաժողովը նման որոշում է կայացրել միաձայն, այսինքն՝ կողմ են քվեարկել ոչ միայն ՀԱԿ-ի, «Ժառանգության» ու ՀՅԴ-ի պատգամավորները, այլեւ ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի: Հանձնաժողովի անդամ, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը սա բացատրեց նրանով, որ դիմումը համապատասխանում էր կանոնակարգ օրենքի պահանջներին, դրա համար բոլորով միաձայն են որոշում կայացրել, որպեսի ընդունվի վարույթ: Հանձնաժողովի նիստում նաեւ Արծվիկ Մինասյանը նշանակվել է հանձնաժողովի ներկայացուցիչ: Իսկ դա նշանակում է, որ ինքը պետք է որպես հիմնական զեկուցող հանդես գա:

Հանձնաժողովի նախագահ Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ «Սա առաջին դիմումն է, որ պետք է հանձնաժողովը քննարկի»: Aravot.am-ի հարցին՝ հաշվի առնելով, որ խոսքը ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի մասին է եւ ներգրավված է ՀԱԿ անդամ, վերջնական արդյունքում ի՞նչ ակնկալիքներ կան՝ պարոն Փաշինյանը պատասխանեց. «Ես չեմ կարող որեւէ ակնկալիքի մասին խոսել, քանի որ տվյալ դեպքում ես Էթիկայի հարցերով հանձնաժողովի նախագահ եմ հանդես գալիս, եւ իմ գործը հանձնաժողովի բնականոն գործունեությունն ապահովելն է, որպեսզի համապատասխան եզրակցություն ստանա: Տվյալ դեպքում չի կարելի որեւէ շահերով կամ կուսակցական շահերով առաջնորդվել: Կա քաղաքացի, կա պատգամավոր եւ կա դիմում: Եվ պետք է այդ դիմումը օբյեկտիվ ամբողջական քննության արժանանա եւ լինի եզրակացություն, որը վստահելի լինի հանրության համար»:

Մեր հարցին՝ ամեն դեպքում որպես քղաքացի գտնում եք, որ խախտվե՞լ է քաղաքացու իրավունքները՝ պարոն Փաշինյանն ասաց, որ այս պահին որեւէ բան չի կարող ասել:

Կանոնակարգով նախատեսված է, որ դիմումը վարույթ ընդունելուց հետո 30 օրվա ընթացքում արդեն որոշում կկայացվի, եթե անհրաժեշտություն լինի՝ հնարավոր է նաեւ եւս 15 օրով քննությունը երկարացնել: Հարցին՝ Վարդգես Գասպարիի դիմումի համաձայն ոստիկանությունը քրեական գործ է հարուցել, դրան  չի՞ խոչընդոտի հանձնաժողովի որոշումը՝ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Չկա նման տեղեկատվություն: Այս պահին հանձաժողովի տրամադրության տակ չկա որեւէ տեղեկատվություն, որ քրեական գործ է հարուցվել: Իմ տրամադրության տակ կա դիմում եւ հանձնաժողովի որոշումը՝ դիմումի քննությունը սկսելու մասին: Եթե անհրաժեշտություն կառաջանա, մենք ոստիկանությունից համապատասխան նյութեր կպահանջենք»:

Հարցին՝ Ձեր՝ հանձնաժողովի նախագահ լինելու հանգամանքը, նաեւ Զարուհի Փոստանջյանի մասնակցությունը  հանձնաժողովի աշխատանքներին արդյոք որոշ չափով նպաստե՞ց այսօրվա միաձայն որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Մենք փորձում ենք այնպես անել, որ ամեն ինչ տեղի ունենա օրենքի սահմաններում: ԱԺ կանոնակարգը նախատեսում է բոլոր այն դեպքերը, երբ քաղաքացու դիմումի քննությունը մերժվում է: Տվյալ դեպքում մենք որոշում կայացրել ենք հետեւյալ ընթացակարգով. Դիտարկել ենք, թե արդյոք կան քաղաքացու դիմումը մերժելու հիմքեր, որոնք նախատեսված են ԱԺ կանոնակարգ օրենքով: Քանի որ մերժման հիմքերն առկա չեն եղել, դիմումի քննությունը սկսվել է»:

Նա նաեւ նշեց, որ եթե դիմումի քննության ընթացքում անհրաժեշտություն կլինի լսելու կողմերից որեւիցե մեկին, պատգամավորին, որին վերաբերվում է, հանձնաժողովը կհրավիրի նրան ու կլսի նրա բացատրությունները:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930