Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության հայտարարությունը
Վերջին օրերին որոշ հեռուստաալիքներ և կայքեր անհիմն լուրեր են տարածում, թե իբր ՀՀ Սյունիքի մարզում զգացվել են երկրաշարժեր և նույնիսկ խուճապ կա ազգաբնակչության շրջանում: Այս առիթով հաղորդում ենք հետևյալը:
Ինչպես գիտենք, ս/թ օգոստոսի 11-ին ժամը 16:23-ին և 16:34-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցը գրանցել է Ռիխտերի սանդղակով 6.4 և 6.2 մագնիտուդներով երկրաշարժեր, որոնց էպիկենտրոնները գտնվում են Իրանի տարածքում` Ահար քաղաքից 17 և 16 կմ դեպի հարավ-արևմուտք: Այդ երկրաշարժերին հաջորդել են ավելի թույլ բազմաթիվ հետցնցումներ, ինչը բնորոշ է ուժեղ երկրաշարժերին: Դրանք կունենան շարունակական բնույթ և կտևեն ամիսներ, գուցե և տարիներ: Գլխավոր ցնցումները և հետցնցումները գրանցվել և գրանցվում են Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից:
Մենք հետևում ենք սեյսմիկ իրավիճակին, ունենք շուրջօրյա հերթապահություն և մշտական կապի մեջ ենք Սեյսմիկ պաշտպանության հարավային ծառայության ղեկավարության, հերթապահ անձնակազմի և դիտակետերի աշխատակիցների հետ, որոնք օպերատիվ կերպով տրամադրում են անհրաժեշտ պաշտոնական տեղեկատվություն թե երկրաշարժերի հիմնական պարամետրերի և թե հանրապետության տարածքում ցնցումների ուժգնության մասին: Մենք մշտական կապի մեջ ենք նաև ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնի հետ:
Կարդացեք նաև
Վերջին օրերին Ահարի օջախային գոտում գրանցված` Ռիխտերի սանդղակով 4.2-4.3 մագնիտուդով երեք հետցնցումների ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է մինչև 6 բալ: Դրանք պրակտիկորեն չեն զգացվել ՀՀ տարածքում և, հետևաբար, չէին կարող բնակչության շրջանում խուճապ հարուցել:
Մենք դիմում ենք ԶԼՄ-ների աշխատակիցներին` օգտվել միայն ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության և Ճգնաժամային կառավարման կենտրոնի պաշտոնական տեղեկատվությունից` առիթ չտալով խուճապի համար:
ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն»