«Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված Դիլիջանի քաղաքապետի թեկնածու՝ նախկին քաղաքապետ Ժորա Սահաբալյանի վստահված անձին կարճատեւ քննությունից հետո ոստիկանները բաց են թողել: Այս մասին Aravot.am-ին ասաց ԲՀԿ պատգամավոր Ստեփան Մարգարյանը:
Հիշեցնենք, որ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը 7or.am- ին փոխանցել էր, որ ԲՀԿ-ական թեկնածուի վստահված անձին տեղի ոստիկանությունը անհայտ պատճառներով բաժանմունք է տարել` այսպես ասած, «զրույցի»: «Հանդիպեցինք ոստիկանապետի հետ, ճշտեցինք, որ կասկածել են, թե մեքենայի մեջ ինչ-որ բաներ կան եւ այլն: 2-3 մեքենա է եղել, դրանցից մեկն էլ, իրենց պատճառաբանությամբ, հարմար տեղում կանգնած չի եղել , իսկ մյուս մեքենաները տարել են ՝ փաստաթղթերը ստուգելու եւ պարզեն՝ մեջը ինչ-որ արգելված բան կա՞, թե՞ ՝ ոչ: Գնացինք, պարզվեց, որ լուրջ բան չկա: Մեքենաները ստուգելու համար էին կանչել ու ասել էին՝ սպասեք արձանագրություն կազմենք» ,- պատմեց պարոն Մարգարյանը: Նրա խոսքերով, ոստիկանությունը տեղամասերը կազմակերպված հսկել է, ու միջադեպեր քաղաքում եւ տեղամասերում չեն գրանցվել. «Իսկ դիտավորություն այս դեպքի մեջ կա՞, թե՞ ՝ ոչ, դժվարանում եմ ասել, գուցե շատ ավելի բարձր մակարդակի զգոնություն են ցուցաբերել …քանի որ հետեւանք չունեցավ, չեմ վերագրում դիտավորության»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև