Դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիան «Լիդերների սեմինար» ծրագրի շրջանակներում առաջին անգամ սեմինար անցկացնում է Հայաստանում: Սեմինարը, որին մասնակցում են 21 երկրների ֆեդերացիաների նախագահներ եւ գլխավոր քարտուղարներ, կրում է «Երեւանից՝ Սոչի 2014-ի ճանապարհին» խորագիրը: Օրակարգային հարցերից են օլիմպիական վարկանիշային մրցումներում վարկանիշային միավորներ վաստակելու կարգը, ինչպե՞ս են զարգացող երկրների մարզիկները ֆինանսավորվելու, որպեսզի ավելի նպատակային նախապատրաստվեն օլիմպիական խաղերին, միջազգային ֆեդերացիայի զարգացման եւ օժանդակության ծրագրերի բաշխման կարգը եւ այլն:
Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը Aravot.am-ին ասաց. «Սեմինարի օրերին մենք միջազգային ֆեդերացիային առաջարկների փաթեթ ենք ներկայացնելու, որոնք ընդունվելու դեպքում ավելի արդյունավետ կլինեն ինչպես հայ, այնպես էլ տարածաշրջանի մյուս երկրների դահուկորդների համար: Մասնավորապես, առաջարկելու ենք, որպեսզի միջազգային ֆեդերացիան ընդլայնի իր միջոցառումների անցկացման աշխարհագրությունը: Նկատի ունենք ավելի շատ ծրագրեր, սեմինարներ, հավաքներ եւ մրցումներ կազմակերպելը Հայաստանում: Այդպես մեր թե լեռնադահուկորդները եւ թե դահուկավազորդները քիչ միջոցներ ծախսելով ավելի շատ մրցումների, հավաքների մասնակցելու հնարավորություն կունենան եւ այդ շփումները կնպաստեն մարզաձեւի զարգացմանը»:
Այսօր սեմինարի մասնակիցները Ծիծեռնակաբերդում հարգեցին Եղեռնի զոհերի հիշատակը, որից հետո ուղեւորվեցին Ծաղկաձորի մարզահամալիր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ