Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Շվեդիան սուպեր երկիր է, մարդու և գեյերի իրավունքներն այստեղ շատ պաշտպանված են. Ծոմակ

Սեպտեմբեր 23,2012 14:16

1in.am-ի հարցազրույցը  DIY ակումբի նախկին տնօրեն,  «Պինցետ» պանկ խմբի մենակատար Ծոմակ Օգանեզովայի հետ։

 -Ծոմակ, ճի՞շտ է, որ հիմա Շվեդիայում եք հաստատվել:

 Այո:

 Ինչո՞ւ որոշեցիք մեկնել:

-Շատ պարզ պատճառով. ինձ սպառնում էին և՛ Facebook-ով, և՛ DIY պատերին գրելով՝ «հեռացիր, թե չէ վերջդ կտանք» կամ «սրան վառելն էլ քիչ է», նաև սպառնում էին քրոջս: Մեկնելու որոշումը մենակ չեմ կայացրել, սպառնալիքները նաև քրոջս հասցեին էին ուղղված, և սա էր երկրից գնալու հիմնական պատճառը, այլապես ես ընդհանրապես չէի ուզում դուրս գալ, ուզում էի մնալ և պայքարել:

 Ծոմակ, ճի՞շտ է, որ Ձեր քրոջը հայտնի դեպքերից հետո աշխատանքից հեռացրին:

-Այո:

 -Չե՞ք կարծում, որ Հայաստանը թողնելն ինչ-որ առումով հանձնվելու նման մի բան էր, պարտվելու նշան:

-Սկզբում այդպես էի մտածում, թե ինչպես կլինի՝ թողնենք գնանք, պարտվում ենք, բայց դա պարզունակ պատկերացում է, քանի որ ես իմ կյանքը, իմ քրոջն ու իմ հարազատներին ավելի շատ եմ սիրում: Պարտվելու մեջ ոչ մի վատ բան չկա, որովհետև հաղթանակը միշտ կա:

-Չե՞ք կարծում, որ Ձեր այդ քայլով ինչ-որ առումով վատ վիճակի մեջ դրեցիք բոլոր այն պայծառ մարդկանց, ովքեր ակամայից դարձել էին բոլոր փոքրամասնությունների, իրավունքների պաշտպանը, ովքեր մինչև վերջ ձեր կողքին կանգնած էին:

-Ամենևին վատ վիճակի մեջ որևէ մեկին չեմ դրել: Իրականում այն կազմակերպությունները, ընկերները, ովքեր իմ կողքին կանգնած են եղել, հենց իրենք են խորհուրդ տվել գնալ։ Ես մինչև վերջին վայրկյանը չէի ուզում լքել, բայց քանի որ իրենք էլ նկատեցին, որ ինձ վտանգ է սպառնում, իսկ եթե ինձ վտանգ սպառնա, կսկսի սպառնալ նաև մնացածներին, ուստի իմ գնալը ոչ միայն ինձ փրկել էր նշանակում, այլ սա նշանակում է, որ փրկվեցին այն կազմակերպությունները և ընկերները, ովքեր մտածում էին, որ ես իրենց համար խնդիր եմ:

 -Ի վերջո, Դուք այն ակտիվիստների թվում էիք, ովքեր քաղաքացիական գիտակցության օրինակ էին ծառայում շատերի համար: Ձեր գնալով՝ այդ մարդկանց ի՞նչ ուղերձ եք հղում:

-Ես փաստորեն ինչ-որ բան ինձնից ներկայացրել եմ, որ իմ գնալը մարդկանց համար նշանակություն է ունեցել: Ես կարծես հավասարվել էի այն քաղաքական գործիչներին, ովքեր բաց ու ազատ են խոսում, և որոնց մուտքի մոտ կարող էին ուղղակի ատրճանակով ճակատին կրակել: Ես ճիշտ այդ իրավիճակում էի հայտնվել: Թեև տասը տարի ակտիվ պայքար եմ մղել, բայց վերջին դեպքերն ինձ այնքան հիասթափեցրին, որ ես հասկացա՝ Հայաստանում այլևս անելիք չունեմ։ Ով կարծում է՝ պետք է շարունակել և անել, ես ողջունում եմ նրան: Իմ պայքարը չի դադարելու, որովհետև ես այստեղից էլ եմ պայքարելու: Պարզապես հիմա հանգստի մեջ եմ, հոգեպես լավ չեմ, ինձ հանգիստ է պետք, ինչպես նաև իմ քրոջը, ինչպես նաև իմ սիրելի մարդուն: Հոգեպես կազդուրվելուց հետո ես այստեղից կսկսեմ իմ պայքարը մղել: Եթե ես Հայաստանում չեմ՝ չի նշանակում, որ չեմ պայքարելու և մոռացել եմ այն մասին, ինչ արվեց իմ նկատմամբ: Ես կպայքարեմ և՛ այն երկրի համար, որտեղ գտնվում եմ հիմա, և՛ Հայաստանի համար կպայքարեմ, բայց առայժմ Հայաստանի հետ կապված որևէ բան չեմ ուզում անել:

 -Հայաստանը լքելուց հետո Ձեր գրառումներից կարելի եզրակացնել, որ դուք ամենաքիչը չեք սիրում, եթե չասեմ՝ ատում եք Հայաստանը, Երևանը, բայց,  մեր համոզմամբ, Հայաստանի ապագան հենց բազմազանության մեջ է՝ նրա բացվածության, աշխարհին բացվածության աստիճանի մեջ: Դուք ի՞նչ եք կարծում Հայաստանի ապագայի մասին:

-Յուրաքանչյուր գիտակից և կրթված մարդ, ով ապրում է, կարող է սիրել և կարող է չսիրել երկիրը։ Բայց երկիրը, կառավարությունը և ժողովուրդը տարբեր բաներ են: Ես ոչ թե ատում եմ և զզվում (ես գիտակից մարդ եմ, ատելը և զզվելն ինձ համար  մանկամտություն են), այլ շատ վիրավորված եմ այն վերաբերմունքից,  որ իմ նկատմամբ արվեց այդքան կտրուկ և արագ, ես ինձ շատ վիրավորված եմ զգում կոնկրետ իմ երկրից, որովհետև իմ երկիրը՝ Հայաստանը, դեռ շատ զարգանալու տեղ և կարիք ունի, բայց ես ամեն դեպքում հույս չունեմ, որ երկիրը կփոխվի:

Ես չեմ թաքցնում, որ շատ վիրավորված եմ և հիասթափված: Եթե չնչին դրական տեղաշարժ լինի, ես միայն շատ ուրախ կլինեմ, որովհետև իմ եղած ժամանակ Հայաստանում փոփոխություն եղել է, բայց ես չգիտեի, որ, փաստորեն, հետևել են ինձ և որոշ մարդկանց, ֆիքսել  են վաղուց, և, ի վերջո, այստեղ միայն DIY-ի հարցը չէր։ Ես տասը տարի է ակտիվություն եմ ցուցաբերել այդ երկրում, և երբ պայքարում ես ազատության, անկախության և արդարության համար, մարդկանց թվում է, որ դու հիվանդ ես կամ ինչ-որ բան հետդ այն չէ, և շատերը դա փոխակերպեցին նրան, որ ես գեյ եմ, բայց իմ գեյ լինել-չլինելը  բացարձակապես դրա հետ կապ չունի:

Այն հույսերը և այն ակտիվությունը, որ ցուցաբերել եմ և իրոք մտածել, որ Հայաստանում ամեն ինչ շատ շուտով լավ կլինի, ի դերև ելան, և ես այլևս չեմ հավատում:

 -Ստացվում է՝ Հայաստանը իսկապես անապագա երկի՞ր է:

-Իրոք չեմ ուզում այդպես ասել, սիրտս ցավում է, երբ ասում եմ՝ Հայաստանում ապագա չկա, բայց փաստը ցույց է տալիս, որ Հայաստանում ապագա չկա,  մարդիկ, ովքեր ուզում են փոփոխություններ մտցնել Հայաստանում, պետք է գիտակցեն, որ այդ կերպ հեղափոխություն չի լինի: Բացի խոսքից, պետք է նաև գործողություն լինի: Եթե գործողություն չկա, խոսքը կարող է միշտ մոռացվել, ջնջվել կամ փոխվել, իսկ գործողությունը միշտ կարևոր է: Չեմ հերքում նաև այն, ինչ տեղի ունեցավ պայքարի տեսքով Երևանում որոշ ակտիվիստների՝ բնապահպանների, անարխիստների, ֆեմինիստների և այլ մարդկանց կողմից, որոնց մեջ նաև ես կայի:

 -Բայց վերջին տարիներին Հայաստանում կարծես թե եղան հեղափոխական ակնթարթներ, չստացվեց, գուցե  իսկապես պատրաստ չէինք հեղափոխությա՞նը.նախ գիտակցության մեջ պետք է տեղի ունենա փոփոխություն:

-Գիտակցություն հեղափոխության մասին կարևոր է յուրաքանչյուր անձի մեջ սերմանել, եթե չկա այդ սերմանումը, հեղափոխություն չի լինի, իսկ դրա համար տարիներ են պետք: Օրինակ՝ Ամերիկայում ինստիտուտ կա, որտեղ կա պրոպագանդայի հատուկ դաս, այսինքն՝ դու կոնկրետ պրոպագանդա ես ուսումնասիրում, կան նաև դասընթացներ՝ ուսումնասիրելու հեղափոխությունը, ինչպե՞ս պետք է դա անել, որովհետև հեղափոխությունը այն չէ, որ ուղղակի վեր կենաս տրաքացնես, պետք է իմանալ՝ ինչ անել, որ այդ ամենը  ճիշտ լինի, որպեսզի կառավարության մեջ փոփոխություն լինի, և ժողովուրդը պետք է դրան պատրաստ լինի, իսկ այստեղ չկա այդ մշակված ծրագիրը և այդ կուլտուրան, վերջիվերջո շատ երկրներում  են եղել հեղափոխություններ, և մարդիկ դրան պատրաստ են եղել:

 -Շվեդիայում ի՞նչ վերաբերմունք է սեռական, ազգային փոքրամասնությունների նկատմամբ, այդտեղ կարծեմ ապաստան եք ստացել, քաղաքացիություն ձեռք բերել:

-Շվեդիան սուպեր երկիր է, ինչ վերաբերում է մարդու իրավունքներին և գեյերի իրավունքներին, նրանք այստեղ շատ պաշտպանված են, որովհետև մարդը այստեղ իսկապես որպես մարդ է հասկացվում, այստեղ չեն առանձնացնում տեսակները, այստեղ դա շատ սովորական մի բան է, այստեղ յուրաքանչյուր գեյ  ունի ընտանիք, երեխա՝ անկախ ամեն ինչից, շատ սիրալիր են, կենդանի են պահում, որը ինձ շատ ապշեցնում և շատ է դուր գալիս: Բայց մենք քաղաքացիություն չենք ստացել, դա շատ բարդ բան է, տարիներ են հարկավոր:

 -Հայաստանը ո՞ր դեպքում կարող է ձեզ համար գայթակղիչ լինել, որ մտածեք հետ գալու մասին:

-Չեմ կարող որևէ բան ասել այդ մասին, որովհետև հիմա Հայաստանն ինձ ընդհանրապես չի հետաքրքրում: Հայաստանում ինչ-որ կատարվում է, միայն հիասթափություն է, ես հիմա շատ հիասթափված եմ և վիրավորված, իսկ այդ վերքերը բուժելու համար երկար ժամանակ է հարկավոր: Մինչև Հայաստանում չհաստատվեն մարդու իրավունքների  իրական հաստատություններ, չփոխվեն կառավարությունը և իշխանությունը, ես երկիր ոտք չեմ դնի:

 -Բայց չէ՞ որ այստեղ դատական պրոցեսները չեն ավարտվել:

-Այո, չեն ավարտվել, հիմա սպասում ենք դատին, և դա էլ է շատ կասկածելի,  որ ամեն անգամ  դատը հետաձգվում է:

Պսևդոազգակայնականները գոռում էին «Ծոմակներին՝ Բաքու» և ազգի դավաճան հանում Ձեզ, ըստ Ձեզ՝ ինչո՞ւ են այսքան անհանդուրժող:

-Կարճ պատասխանեմ՝ սա խոսում է մարդու տգիտության  մասին, ընդամենը սա կասեմ:

 -Սակայն ասում էին՝ երկուստեք անհանդուրժողականություն էր:

-Մեր կողմը միշտ պահանջել է հանդուրժողականություն: Պսևդոազգայնականներին  հատուկ մեսիջ եմ հղում. անցյալ տարի անկախության օրը բոլորը եռագույն դրոշի գույներով շապիկներ էին հագել, մի կադրում ինքս եմ տեսել, շապիկի պիտակի վրա գրված էր՝ made in Turkey, եթե այդքան ազգայանական են,  Հայաստանի անկախության օրն ինչպե՞ս են Թուրքիայից բերված մայկաներ հագնում, և ընդհանրապես, եթե այդպես լինի, ազգայնականների վրա խաբար չկա, որ իրենց շալվարները և ծիծակ կոշիկները Թուրքիայից են բերված, ուրեմն թող հանգիստ թողնեն Ծոմակին:

 -Անկախության օրն է վաղը, ի՞նչ կարող եք ասել այս կապակցությամբ:

-Հայաստանում անկախություն չի եղել, չկա ու չի էլ լինելու:

Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր մինչև վերջ ինձ հետ էին:

Հ.Գ.Հիշեցնենք, որ իր ակումբի պայթեցման սկանդալից հետո Ծոմակը այդպես էլ չսպասեց դատավարության ավարտին և լքեց Հայաստանը: Հեռանալուց հետո նա Ֆեյսբուքում հանդես էր եկել Հայաստանի մասին անհարգալից արտահայտություններով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930