«Առավոտի» հարցին՝ արդյոք ինքն ու ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը ընդհարում ունեցե՞լ են սեպտեմբերի 21-ի երեկոյան «Մալխաս» ջազ ակումբում՝ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը պատասխանեց. «ՉԷի ասի, թե ընդհարում է տեղի ունեցել: Այո, եղել է նման պատահական հանդիպում: Երեւի խոսակցությունը մի քիչ բարձր տոնայնություն է ունեցել: Եվ դրանով ավարտվել է»:
Մեր հիշեցմանը, թե Աշոտ Աղաբաբյանը Tert.am-ին ասել է. «Ես Ռուբեն Հակոբյանին տեսել եմ նախագահի ընդունելության ժամանակ: Ընդունելությունից հետո, երեկոյան ժամը 7-ին տուն եմ եկել», եւ ինքը «Մալխաս» ջազ ակումբում չի եղել. «Ես արդեն մոտ երկու ամիս է ակումբ չեմ գնում, բացի այդ, թիկնապահ էլ չունեմ»՝ Ռուբեն Հակոբյանն այսպես արձագանքեց. «Ես ավելացնելու բան չունեմ»: