Տավուշի մարզի Ազատամուտ գյուղում այսօր ընթացող ՏԻՄ ընտրություններում համայնքի ղեկավարի թեկնածուները երկուսն են՝ գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ, Ժորա Մարտիրոսյանը եւ ՀՀԿ անդամ, ներկայումս չաշխատող Արտեմ Սարիբեկյանը: Վերջինս նախկինում 12 տարի եղել է գյուղապետի տեղակալ:
Ընտրությունների կապակցությամբ ոստիկանության Իջեւանի բաժինը նախկին բանվորական ավանում ուժեղացված հսկողություն է իրականացնում: Բացի այդ, Ազատամուտ են բերվել ոստիկանության լրացուցիչ ուժեր՝ հատուկ նշանակության ջոկատի անդամներ: Այս նախազգուշական միջոցառումները ձեռնարկվել են, որպեսզի գյուղապետի երկու թեկնածուների կողմնակիցների միջեւ բախումներ չլինեն:
Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 25-ին Ազատամուտում գյուղապետի թեկնածուների հարազատների մասնակցությամբ կռիվ էր եղել, որի մասնակիցները զինված են եղել քարերով, փայտով, երկաթե օղակներով, անկոթ բահերով: Այդ կռվի կապակցությամբ հարուցված է քրեական գործ, որի քննությունը շարունակվում է :
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ