Լրահոս
Օրվա լրահոսը

Լրագրողների մոտ մկանունք ցուցադրելը պակաս արդյունավետ է, քան…

Սեպտեմբեր 23,2012 14:04

Լուսանկարը՝ https://murphymilanojournal.blogspot.com-ից

Ուզում եմ պատմել մեր կայքի նյութերին երկու արձագանքների մասին: Երկու դեպքում էլ արձագանքողները եկել էին «Առավոտի» խմբագրություն:

Առաջին դեպքում այցելուն կին էր, որի ամուսնու վերաբերյալ հրապարակում էր եղել՝ իրենց իսկ խնդրանքով: Կինն ասում էր, որ որդին արտասահմանում դիտելով տեսանյութը՝ խիստ հուզվել է, ու բացասական արձագանքներ կան նաեւ իրենց շրջապատում: Սկզբում հակված էինք ընդառաջել նրան եւ հեռացնել տեսանյութը: Սակայն տիկինը հընթացս սկսեց սպառնալ մեզ, որ դատի է տալու, քանի որ իբր թաքուն ենք նկարահանել: Ավելի ստույգ՝ պնդում էր, թե լրագրողը հեռախոսն ուղղակի պահել է, իրենք էլ չեն էլ պատկերացրել, թե դա ինչու է արել: Քանի որ այդ պահին դեռ չէի ճշտել լրագրողի հետ, որ ինքն իրականում նկարել է ֆոտոխցիկով, որն, ինչպես եւ ժամանակակից բոլոր նման սարքերը՝ ունի նաեւ տեսագրման հնարավորություն, հավանական համարեցի կնոջ պնդումը: Եվ նրան փորձում էի բացատրել, որ այստեղ կրիմինալ չկա՝ տեսանյութեր կարելի է նկարել նաեւ հեռախոսով: Սակայն կինն անցավ արդեն վիրավորանքների:

Մինչ ես փորձում էի լրագրողից հեռախոսով ճշտել, թե արդյոք տեսանկարահանվողից ստացե՞լ է թույլտվություն նրան տեսագրելու վերաբերյալ (թեեւ հարցիս պատասխանն ակնհայտ էր անգամ տեսագրությունից՝ մարդը խոսքն ասում էր ուղիղ նայելով խցիկին)՝ կինը ինչ որ մարդկանց էր զանգահարում, ու փորձում հեռախոսն ինձ փոխանցել: Եվ երբ պատճառաբանում էի, թե հեռախոսով խոսում եմ՝ նա ընկալուչով հայտնում էր, թե ես հրաժարվում եմ խոսել:

Շարունակությունն արդեն լիովին մղձավանջ էր: Կինը սկզբում ինքն էլ էր ինձ հեռախոսով նկարում՝ պնդելով, թե խայտառակելու է ինձ եւ այդ կադրերը գցելու է Youtube (նրան նաեւ դա էր վիրավորել, որ իր ամուսնու տեսագրությունը հայտնվել է Youtube-ում, եւ գոռգոռում էր, թե ինչ իրավունք ուներ հոդված գրելու համար եկած լրագրողը տեսագրությունը գցել Youtube):

Հետո մի երկու հոգու էլ զանգեց ու հեռախոսն ինձ փոխանցեց: Մեկը կոպտորեն, մյուսն ավելի դիվանագիտորեն համոզում էին տեսանյութը հեռացնել Youtube-ից: Երկուսին էլ բացատրեցի, որ դա այլեւս չենք կարող անել, քանի որ ինքը խոստացել է մեզ դատի տալ, իսկ այդ դեպքում այս տեսանյութերը վերածվել են իրեղեն ապացույցների, որ մենք թաքուն չենք նկարել, եւ հեռախոսով չէ, որ նկարել ենք եւ այլն:

Սա էլ դեռ ամբողջը չէր: Չբավարարվելով մեր խմբագրությունում ժամեր շարունակ բարձրացրած աղմուկ-աղաղակով՝ նա իջավ ու Մամուլի շենքի առջեւ սկսեց նույն պնդումները գոռգոռալ, թե թաքուն նկարել ենք, իրենց խաբել ենք եւ այլն: «Երեւան» հեռուստաընկերության սրտացավ աշխատակիցներն էլ նրանից հարցազրույց վերցրին, եւ հետո եկան մեր կարծիքն իմանալու:

Ավելի չերկարացնեմ՝ տեսանյութն այդպես էլ չհեռացվեց, կինն էլ մինչ այսօր մեզ դատի չի տվել: Ինչը ճիշտ է իր շահերից ելնելով, քանի որ կարծես առանձնապես ունեւոր չէր եւ ափսոս էին այն փողերը, որ վատնելու էր փաստաբանի եւ դատական ծախսերի վրա իր համար այս անկհայտորեն  անհեռանկար գործում:

Երկրորդ այցելուն տղամարդ էր: Մեր թղթակիցներից մեկին մեկ այլ լրագրող նամակ էր փոխանցել՝ ուղղված ՀՀ ոստիկանապետին, նշելով, թե նամակի հեղինակը խնդրում է այն հրապարակել: Լրագրողական միջավայրում հաճախ են նման բաներ լինում: Սակայն այս նամակում խոսքը ծանրագույն մեղադրանքների մասին էր, ու հաստատ արժեր նաեւ նամակի հեղինակի հետ ճշտումներ անել: Նման ճշտում չէր արվել՝ ոչ հրապարակման, ոչ նամակի տեքստի իսկության վերաբերյալ: Ու թեեւ նամակի մասին լուրը հրապարակելուն զուգահեռ ներկայացվել էին նաեւ մյուս կողմերի տեսակետները՝ միեւնույն է, փոքրիկ բնակավայրում այս լուրը թշնամանքի թեժացման պատճառ էր դարձել:

Այս մարդը լիովին բարոյական իրավունք ուներ մեզ մեղադրելու ու կոպտորեն վարվելու: Սակայն պետք էր տեսնել, թե ինչ բարեկիրթ էր նա խոսում: Ասում էր՝ ես հասկանում եմ, թե լրագրողը կարծել է, որ այսպիսով օգնում է ինձ, ուստի նրան չեմ մեղադրում:

Փոխադարձ համաձայնությամբ՝ կայքը լուր հրապարակեց, որտեղ եւ ներողություն էինք հայցում, եւ ներկայացնում իրականությունը:

Այս երկու այցերի մասին համեմատությունն ինչ է ցույց տալիս: Իհարկե, մեր՝ լրագրողներիս աշխատանքն էլ, շատ մեղմ ասած՝ կատարյալ չէ: Եվ անզգույշ մի խոսքով, ոչ բավարար նրբանկատությամբ կամ չարված մի քայլով կարող ենք մարդկանց հարաբերություններին վնասել, ցավ պատճառել նրանց: Պետք է փորձենք ուղղվել: Սակայն պետք է փորձեն իրենց պահվածքը վերանայել նաեւ մարդիկ, ովքեր առնչվում են լրագրողների հետ, եւ հասկանան, որ երբեմն մեղմ ու բարեկիրթ խոսքով կարելի է հասնել շատ ավելիին, քան դատարան քարշ տալու սպառնալիքներով եւ անձնական վիրավորանքներով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930