Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի նախագահ Հայրապետ Հայրապետյանը եւ մարզաձեւի միջազգային մրցաշարերի խոշորագույն կազմակերպիչ ֆրանսիական PMU կազմակերպության ղեկավար Ժան Լեննը երեկ համագործակցության հուշագիր ստորագրեցին, որի համաձայն այսուհետեւ Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնում անցկացվող նժույգավազքի մրցումները կընդգրկվեն միջազգային մրցաշարերի ոլորտ եւ խաղադրույքներից գոյացող գումարի 3 տոկոսը կփոխանցվի Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիա:
Հուշագիրը ստորագրելուց հետո Հայրապետ Հայրապետյանը լրագրողներին ասաց, որ սա նորություն է Հայաստանում եւ դեռ կազմակերպչական մեծ աշխատանք կա անելու: Այդ գործում լուրջ համագործակցություն է սկսվում Հայաստանի համար հատուկ այդ նպատակով ստեղծված PMU-ի մասնաճյուղ PMA-ի հետ: Հայրապետ Հայրապետյանի խոսքերով նախապատրաստական բոլոր աշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում, որից հետո կստորագրվի պայմանագիրը: Իսկ հայաստանյան մրցումների խաղադրույքներից գոյանալիք գումարների երեք տոկոսը կուղղվի Հայաստանում ձիասպորտի հետագա զարգացմանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ