Այսօր ժամը 16:08 րոպեին Սյունիքի մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ Կապանի տարածաշրջանի Շահումյան գյուղի մոտակայքում` «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲ ընկերության հարակից տարածքում, կրկին սողանքային երեւույթներ են ակտիվացել, որտեղ մեկնել է մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Հիշեցնենք, որ նույն տարածքում սողանքային երեւույթների ակտիվացման վերաբերյալ ահազանգ ստացվել էր նաեւ 2 օր առաջ` սեպտեմբերի 20-ի առավոտյան: Ինչպես տեղեկացրել էինք հետեւյալ հրապարակմամբ` տվյալ հատվածում հողային զանգվածի ճաքեր եւ ներքին ջրերի հոսք էր առաջացել: Տեղանքը սահմանափակվել էր ժապավեններով, որտեղ հնարավոր փլուզման դեպքում հողային զանգվածը կարող էր լցվել «Դինո գոլդի» տարածք կամ միջպետական ճանապարհի Կապան-Գորիս ճանապարհահատված, որը սողանքային գոտուց հեռու է ընդամենը 200 մ: Տեղանքն այս պահին դեռ շարունակում է որպես սողանքավտանգ գոտի մնալ:
Սյունիքի մարզային փրկարարական վարչությունից «Առավոտին» քիչ առաջ փոխանցեցին, որ տեղանքում փլուզում չի եղել, բայց դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի անդամները պարզել են, որ 2 օր առաջ տարածքում գրանցված հողային ճաքերն ավելի են մեծացել, ինչը հավանականորեն պայմանավորում են այսօր առավոտյան Իրան-Հայաստան սահմանին գրանցված երկրաշարժի հետ, որը թույլ զգացնել է տվել նաեւ Կապանում:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ