Ֆուտբոլը կյանք է, ոչ միայն մասնագիտություն
Երևանի «Փյունիկի» և Հայաստանի երիտասարդական հավաքականի 18-ամյա հարձակվող Հովհաննես Հովհաննիսյանը մինչ ֆուտբոլ խաղալը հաճախել է ըմբշամարտի: 2 ամիս ըմբշամարտով զբաղվելուց հետո որոշել է թողնել ադ սպորտաձևը ու հետևել եղբորը` Կամո Հովհաննիսյանին և սկսել զբաղվել ֆուտբոլով: Այժմ 2 եղբայրներն էլ խաղում են նույն ակումբում. «Սկզբում «Շենգավիթի» մանկապատանեկական թիմում էինք, հետո տեղափոխվեցինք «Փյունիկ»,- պատմում է Հովհաննեսը և հիշում պաշտոնական խաղերում իր առաջին հանդիպումը, որտեղ գոլի հեղինակ է դարձել. «Առաջին տարում, որ մանկապատանեկան առաջնությունում էի խաղում, «Փյունիկի» կազմում հենց առաջին խաղին 3 գոլ խփեցի»,- ասում է նա: Հովհաննեսը նշում է, որ մինչ այսօր իր խփած բոլոր գոլերն էլ իրենց կարևորությունն ունեցել են, սակայն, երկուսն, այնուամենայնիվ, առանձնացնում է. «Ամենատպավորիչ և հիշվող գոլը երիտասարդական հավաքականի կազմում Չեռնոգորիայի հավաքականին խփած գոլս է, իսկ ամենագեղեցիկը` «Իմպուլսինը»: Պարտվում էինք, խփեցի, հաշիվը հավասարվեց»: Հովհաննեսից հետաքրքրվեցինք, թե ինչ են զգում ֆուտբոլիստները դարպասը գրավելուց հետո. «Առաջին հերթին հանգստություն եմ զգում: Հետո խաղը հանգիստ է լինում, չես լարվում»,- ասում է նա: Բացի գեղեցիկ գոլերից ու հաղթանակներից` նաև պարտություններն ու դժվար հանդիպումներն էլ են հիշվում: Ամենածանր հանդիպումը, որը մինչև այսօր դեռ հիշում է Հովհաննեսը, 19 տարեկանների հավաքականի հանդիպումն էր Իսպանիայի հավաքականի հետ. «Վերջին վայրկյաններին, որ գոլը ընդունեցինք սեփական դարպասն ու պարտվեցինք»:
Երիտասարդ ֆուտբոլիստի նախընտրած ակումբը Մադրիդի «Ռեալն» է. «Մոլեռանդ չեմ երկրպագում: Միշտ ցանկանում եմ, որ հաղթի, սակայն պարտությունները ողբերգություն չեմ սարքում»,- ասում է նա:
Սիրած ֆուտբոլիստներն էլ Զիդանն ու բրազիլացի Ռոնալդոն են:
Հովհաննեսի խաղը, ինչպես ինքն է ասում, երբեմն նմանեցնում են հոլանդացի ֆուտբոլիստ Վան Նիստելռոյի խաղին, ինքն էլ կասկածում է. «Երևի նման եմ»: Բացի ֆուտբոլից` սիրում է նաև թենիս և բիլիարդ խաղալ, երաժշտություն լսել, ընկերների հետ ժամանակ անցկացնել և ֆիլմեր դիտել:
Հովհաննեսի խոսքով` ֆուտբոլը կյանք է, ոչ միայն մասնագիտություն. «Երբ որ մի օր պարապմունք չի լինում, օրը դատարկ ու անիմաստ է անցնում»: Նրա երազանքը Հայաստանի ազգային հավաքականում աշխարհի առաջնությունում հանդես գալն է ու բարձրակարգ ակումբում խաղալը:
«Մեզ համար կարևորը խաղի որակը չէր, այլ` արդյունքը»
Հովհաննես Հովհաննիսյանը Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում էր `Մոնտենեգրոյի դեմ վերջին խաղում. հանդիպում, որը պետք է որոշիչ լիներ մեր ընտրանու համար` պայքարը շարունակելու կամ թողնելու հարցում: Երիտասարդական հավաքականը ոչ ոքի խաղալով` լքեց հետագա պայքարը: Այդ հանդիպումը մեզանից շատերն են դեռ հիշում և ափսոսում, իսկ Հովհաննեսը փորձում է մեկնաբանել. «Հաղթելու ցանկությունը, երևի, շատ մեծ էր: Մեզ համար կարևորը խաղի որակը չէր, այլ` արդյունքը: Վերջին գոլը, վերջին փոխանցումը չէր ստացվում»,- ասում է ֆուտբոլիստը: Թե ինչ էր զգում և մտածում նա խաղի ավարտից հետո, փորձում է հիշել. «Մտածում էի` որտե՞ղ կարող էինք ինչ որ բան փոխել, որ եթե մեկ միավոր էլ ունենայինք, կանցնեինք: Երբ Մոնտենեգրոյի հետ խաղին մրցավարի սուլիչը վերջում հնչեց , ողբերգություն էր մեզ համար: Մեղքի զգացում ունեինք ինչ-որ տեղ»: Հովհաննեսի եղբայրն էլ` Կամո Հովհաննիսյանն ավելացնում է, որ պետք է ֆուտբոլիստ լինես այդ ամենը հասկանալու համար. «Բառերով չի կարելի ասել»:
Լիլիթ Սարգսյան