Սեպտեմբերի 20-ին Լիբանանում ՀՀ դեսպանությունը Բեյրութի «Ինտերկոնտինենտալ ֆինիսիա» հյուրանոցում կազմակերպել էր ընդունելություն` նվիրված Հայաստանի Հանրապետությանանկախության 21-րդ տարեդարձին:
Միջոցառման սկզբում հնչել են Լիբանանի և Հայաստանի ազգային օրհներգերը, ապա ելույթով հանդես է եկել Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը: ՀՀ դեսպանն անդրադարձել է անկախության տարիների ընթացքում արձանագրված ձեռքբերումներին ու հաջողություններին, ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության գերակայությունները և առկա մարտահրավերները: Դեսպան Քոչարյանը բարձր է գնահատել հայ-լիբանանյան երկկողմ բարեկամական հարաբերությունների ներկա մակարդակը` կարևորելով հայ համայնքի դերակատարությունը երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների խորացման գործում: ՀՀ դեսպանը շնորհակալություն է հայտնել Լիբանանի հայկական բոլոր կազմակերպություններին և կառույցներին ազգանվեր գործունեության, աջակցության և սերտ համագործակցության համար և նշել. «Այսօր դուք սատար եք կանգնում Հայրենիքին ձեր գիտելիքներով ու կարողություններով, գաղափարներով և ներդրումներով, ստանում եք Հայաստանի քաղաքացիություն, շարունակում եք նաև նպաստել բարեկամ Լիբանանի զարգացմանը և, իհարկե, հայ-լիբանանյան բարեկամական հարաբերությունների խորացմանը»:
Տոնական ընդունելությանը ներկա էին նախարարներ, խորհրդարանի անդամներ, Լիբանանի Նախագահի և վարչապետի խորհրդականներ, ԱԳՆ գլխավոր քարտուղարը, օտարերկրյա դեսպաններ, քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների և հայկական բոլոր կառույցների ղեկավարներ, հոգևոր առաջնորդներ, հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Ընդունելության հատուկ հյուրն էր Լիբանանի Նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի ներկայացուցիչ, պատգամավոր Սեպուհ Քալփակյանը:
Երեկոյի ընթացքում հնչել են հայկական երգեր, ցուցադրվել է ֆիլմ Հայաստանի մասին, իսկՀայաստանի և Լիբանանի հայ երաժիշտները կատարել են հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները: