«Մենք մեծապես կարևորում և բարձր ենք գնահատում ՀՕՖ-ի գործունեությունը, որը Հայաստանում իրականացրել է բազմաթիվ մարդասիրական և բարեգործական աշխատանքներ»,- ՀՀ կառավարությունում ողջունելով Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ արևելյան թեմի առաջնորդ, Հայ օգնության ֆոնդի նախագահ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի գլխավորած պատվիրակությանը` ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Ինչպես «Փաստինֆո»-ին հայտնեցին ՀՀ կառավարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը նշել է, որ ՀՕՖ-ը պատրաստ է շարունակել իր առաքելությունը` նաև ներդրումների ներգրավման ուղղությամբ: ՀՕՖ-ի ատենապետ Ռենդի Սապահ-Գուլյանն էլ կառավարության ղեկավարին է ներկայացրել Հայաստանում սպասարկման ոլորտում իրականացվելիք ներդրումային ծրագիրը:
Վարչապետ Սարգսյանը ողջունել է նախաձեռնությունը և վստահեցրել, որ կառավարությունը խթանում է նման ծրագրերն ու պատրաստ է օժանադակություն ցուցաբերել կատարվելիք աշխատանքների ընթացքում:
Ռենդի Սապահ-Գուլյանը տեղեկացրել է նաև, որ հաջորդ տարի կառուցվելիք կենտրոնը սպասարկման ոլորտում կապահովի 400-ից մինչև 1000 աշխատատեղ` սպասարկելով անգլերեն և ռուսերեն լեզուներով հաղորդակցվող սպառողներին:
Վարչապետն առաջարկել է ուշադրություն դարձնել արաբախոս սպառողների ուղղությամբ, քանի որ Միջին Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների հետևանքով բազմաթիվ արաբախոս սփյուռքահայեր վերադառնում են Հայաստան, ուստի պետք է հաշվի առնել նաև աշխատաշուկայում վերջիններիս ներգրավելու հարցը:
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև ՀՕՖ-ի գործունեությանը, մասնավորապես, կրթական և առողջապահական բնագավառներում իրականացվող ծրագրերին: