ԱՄՆ Արևմտյան ափի հայ համայնքը հանդիսավորությամբ նշել է Հայաստանի Հանրապետության անկախության 21-րդ տարեդարձը: Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության նախաձեռնությամբ, Հայաստանի ներկայացուցչությունում են հավաքվել մոտ հազար ամերիկահայեր` համայնքի հասարակական, քաղաքական, մշակութային ոլորտների ներկայացուցիչներ:
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը, շնորհավորելով համայնքին, ընդգծել է անկախության 21 տարիների ընթացքում ամերիկահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում:
«Մեր երկրի անկախության 21 տարիները նաև ձեր ջանքերի անդյունքն են, և այսօր կուզենայի իմ ու մեր երկրի անունից շնորհակալություն հայտնել բոլորիդ Հայաստանի Հանրապետության կայացման գործում ամեն մեկիդ ունեցած ներդրման համար»,- ասել է գլխավոր հյուպատոսը:
Տոնակատարությանը մասնակցել են նաև Լոս Անջելեսի և Գլենդեյլի քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, ԱՄՆ արևմտյան ափում հավատարմագրված դիվանագետներ, այլ պաշտոնյաներ: Լոս Անջելեսի Կառավարիչների խորհուրդը հատուկ հռչակագրով շնորհավորանք է հղել Հայաստանի Հանրապետությանն ու հայ ժողովրդին` անկախության տոնի առթիվ:
Հանդիսության ժամանակ ելույթ են ունեցել ճանաչված երգիչ Հարութ Փամբուկչյանը և Երգի պետական թատրոնի սաները: