Սեպտեմբերի 20-ին Դանիայում ՀՀ դեսպանատանը տեղի ունեցավ հանդիսավոր ընդունելություն` նվիրված Հայաստանի Հանրապետության Անկախության 21-րդ տարեդարձին:
Շուրջ 500 հյուրերի թվում էին Դանիայի Խորհրդարանի և արտաքին գործերի նախարարության պաշտոնյաներ, Կոպենհագենում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, դիվանագետներ, Դանիայի պետական, քաղաքական, հասարակական, մշակութային կազմակերպությունների, Դանիայի ազգային եկեղեցու ներկայացուցիչներ, ինչպես նաև հայ համայնքի անդամներ:
Ողջույնի խոսքով հանդես եկավ Դանիայում ՀՀ դեսպան Հրաչյա Աղաջանյանը, ով իր ելույթում նշեց, որ անկախությունից հետո ստեղծված ծանր պայմաններում հայ ժողովուրդը ապացուցեց, որ պատրաստ է դիմակայել մարտահրավերներին և ունակ է առաջ շարժվել:
Դեսպանն անդրադարձավ այն փաստին, որ ցանկացած ժողովուրդ և պետություն հաջողակ և բավականաչափ ուժեղ է միայն այն դեպքում, երբ ունի հաջողակ բարեկամներ և վստահելի գործընկերներ` հավելելով, որ դեսպանության առաջնահերթություններից է «ի ցույց դնել Հայաստանի կորովը հաստատելու երկարաժամկետ և հեռահար հարաբերություններ Դանիայի` որպես հուսալի և հավատարիմ գործընկերոջ հետ»:
Հայաստանի անկախության տարեդարձին նվիրված ընդունելության ընթացքում տեղի ունեցավ համերգ հայ և դանիացի երաժիշտների մասնակցությամբ, կատարվեցին հայկական և միջազգային երաժշտության ջազային մշակումներ: