Սեպտեմբերի 21-ին Չեխիայում ՀՀ դեսպանությունը Պրահայի համանուն հյուրանոցում կազմակերպել էր ընդունելություն` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 21-րդ տարեդարձին:
Միջոցառմանը ներկա էին Չեխիայի Պառլամենտի Սենատի և Ներկայացուցիչների պալատի մի շարք անդամներ, ՉՀ ԱԳՆ բարձրաստիճան ներկայացուցիչներ և այլ պաշտոնյաներ, երկրում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ, Չեխիայի հասարակայնության, մշակութային և գործարար շրջանակների ներկայացուցիչներ, լրագրողներ, չեխահայ համայնքի բազմաթիվ անդամներ, ինչպես նաև հյուրեր Հայաստանից:
Ելույթներով հանդես եկան Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը և սենատոր Յարոմիր Շտետինան: Դեսպանը հյուրերին ներկայացրեց Հայաստանի Հանրապետության անցած 21-ամյա ուղին, անցյալի և ժամանակակից մարտահրավերները: Այնուհետև դեսպանը խոսեց հայ-չեխական հարաբերությունների և դրանց հեռանկարների, Հայաստանի կառավարության եվրոպական օրակարգի, ինչպես նաև Չեխիայի հայ համայնքի մասին: Չեխ սենատորն իր խոսքում ջերմորեն շնորհավորեց Հայաստանի ղեկավարությանը և ժողովրդին, Չեխիայի հայ համայնքին անկախության տարեդարձի կապակցությամբ:
Ընդունելությունն ուղեկցվում էր հայ երեխաների նկարների` անկախության հռչակման տարեդարձին նվիրված ցուցահանդեսով: Միջոցառումն ավարտվեց ավանդական ճաշկերույթով: