Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Թույլ տվեք Չինաստանի կառավարության և ժողովրդի, ինչպես նաև անձամբ իմ անունից Հայաստանի Հանրապետության անկախության 21-րդ տարեդարձի առթիվ Ձեզ և ի դեմս Ձեզ՝ բարեկամ Հայաստանի ժողորվրդին հղել սրտանց շնորհավորանքներ և լավագույն մաղթանքներ:
Որպես Հայաստանի մեծ բարեկամ և գործընկեր, չինական կողմը ուրախ է, որ այսօր Հայաստանում տիրում է քաղաքական և հասարակական կայունություն, տնտեսությունն անընդմեջ զարգանում է, ժողովրդի կենսամակարդակն օրեցօր բարձրանում է, անշեղորեն ընդլայնվում են արտաքին կապերը, մեծ հաջողությունների եք հասել երկրի կառուցման գործում: Չինական կողմը, ինչպես նախկինում, կհարգի իր երկրի առանձնահատկություններին համապատասխան հայ ժողովրդի ընտրած զարգացման ուղին և սրտանց ցանկանում է հայ ժողովրդին նորանոր հաջողություններ երկրի զարգացման գործում:
Դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20 տարիների ընթացքում հայ-չինական հարաբերություններն անընդմեջ կայուն զարգացում են ապրում: Կողմերի միջև պահպանվում են բարեկամական կապերը, անշեղորեն ամրապնդվում է քաղաքական փոխվստահությունը, խորանում է փոխշահավետ համագործակցությունը ամենատարբեր ոլորտներում, պահպանվում են սերտ կապերը և փոխգործակցությունը միջազգային և տարածաշրջանային հարցերում, արդյունավետորեն պաշտպանվում են սեփական և համատեղ շահերը: Այս տարի նշում ենք դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը, երկկողմ հարաբերություններում առկա են մեծ հեռանկարներ: Ես պատրաստ եմ Ձերդ գերազանցության հետ ներդնել բոլոր ջանքերը հայ-չինական հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու նպատակով՝ ի շահ երկու երկրների և ժողովուրդների:
Ցանկանում եմ Ձեր երկրին բարգավաճում և հզորություն, ժողովրդին՝ երջանկություն:
Ցանկանում եմ քաջառողջություն և ամենայն բարիք Ձեզ»: